չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը. Գրիգոր Երիցյանը հաղթել է

Դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը. Գրիգոր Երիցյանը հաղթել է

ՀՀ վարչական դատարանը ամբողջությամբ բավարարել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանի հայցն ընդդեմ Երևանի ավագանու՝ անվավեր ճանաչելով Երևանի ավագանու ապօրինի որոշումը, որով դադարեցվել էին ավագանու անդամի նրա լիազորությունները՝ տրված Երևանի բնակիչների կողմից ընտրությունների միջոցով։

Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է. «Դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի ավագանու որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի, Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, հետևաբար ենթակա է անվավեր ճանաչման: Ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի, ինչպես նաև Երևանի ընտրողների՝ ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված իրավունքները կոպիտ կերպով ոտնահարվել են և չեն պահպանվել։Երևանի ավագանու կամայական որոշմամբ՝ Երևան քաղաքի քաղաքացիների քվեարկության հաստատաման կարգը փոխվել է: Գրիգորի Երիցյանը փաստացի իրացրել է իր բոյկոտելու իրավունքը, որի համար ոչ իրավաչափ կարգով, անօրիանական վաղաժամկետ զրկվել է իր լիազորություններից։

Ավագանու այլ անդամների բացակայությունները հիմք չեն հանդիսացել վերջիններիս լիազորությունները դադարեցնելու համար, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Գրիգոր Երիցյանը եղել է թիրախավորված, վերջինիս քաղաքական հայացքների համար: ՀՀ Սահմանդրության 42-րդ հոդվածով, որը հստակ ամրագրում է՝ կարծիքի արտահայտման մասին ազատությունը, պետք է փաստել, որ ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի կարծիքի ազատ արտահայտման իրավունքը կոպտորեն ոտնահարվել է: Հույս ունեմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Երևանի ավագանու իր կամակատարները գիտակցում են իրենց ամոթալի որոշման հետևանքները և դրա բացասական ազդեցությունը Հայաստանի ժողովրդավարական վարկանիշի վրա։ Այս ապօրինի որոշման տակ ստորագրած յուրաքանչյուրը գողացել է մեզ ընտրած 43,765 ՀՀ քաղաքացիների ձայները։

Սա կարևոր նախադեպ է հետագա բոլոր նմանատիպ գործերի համար։ Քաղաքացիների ընտրության արդյունքում ձևավորված քաղաքական մարմինները չպետք է ընտրություններից հետո ձևափոխվեն օրվա իշխանությունների քիմքին համապատասպան»։

  • Կիսվել: