հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դատախազը միջնորդեց Սերժ Սարգսյանին և մյուսներին ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով

Դատախազը միջնորդեց Սերժ Սարգսյանին և մյուսներին ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով

Գործով մեղադրող դատախազը միջնորդեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

«Քրեական գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադանքի լույսի ներքո քննարկվող դեպքում ամբաստանյալներին մեղսագրվող հանցանքներն ավարտվելու օրվանից անցել է ավելի քան 10 տարի, վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվելու կամ կասեցվեկու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, պետք է արձանագրել, որ ամբաստանյալներին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, հետևաբար վերջիններս ենթակա են ազատման քրեական պատասխանատվությունից»,- իր խոսքում նշեց դատախազը։

Դատախազը միջնորդեց Սերժ Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Բարսեղ Բեգլարյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Գևորգ Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

  • Կիսվել: