ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատախազը դիրքորոշում չի հայտնել, այդպիսի կարծիք չէր կարող փոխանցվել տիկին Խառատյանին. ՄԻՊ

Դատախազը դիրքորոշում չի հայտնել, այդպիսի կարծիք չէր կարող փոխանցվել տիկին Խառատյանին. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձագանքել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս նշել էր, որ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույցում իրեն տեղեկացրել է, որ իր կողմից հանցագործության մասին ուղարկված հաղորդումը գլխավոր դատախազը մակագրել է քննչական մարմիններին, չնայած ինքը՝ գլխավոր դատախազը այդտեղ հանցակազմ չի տեսնում:

Այս առնչությամբ ՄԻՊ-ի պարզաբանման մեջ ասվում է.

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարկ է համարում պարզաբանել, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հրանուշ Խառատյանի, Հարություն Մարությանի և նրա դստեր՝ Արփենիկ Մարությանի հետ կապված գործով մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Գլխավոր դատախազի հետ։

Պաշտպանը տիկին Խառատյանին տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազը իրեն պարզաբանել է, որ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ քրեական ոստիկանություն քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Գլխավոր դատախազը հանցակազմի առկայության կամ բացակայության հետ կապված կարծիք կամ դիրքորոշում չի հայտնել և, հետևաբար, այդպիսի կարծիք չէր կարող փոխանցվել տիկին Խառատյանին։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն»:

Աելի վաղ Հրանուշ Խառատյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Սիրելի բարեկամներ, պարտքս եմ համարում բոլոր հետաքրքրվածներին տեղեկացնել, որ երեկ ինձ զանգել է Մարդու իրավունքների պաշտպան պարոն Թաթոյանը և հետաքրքրվել, թե իմ պատկերացմամբ ինչպես կարող է ինքը միջամտել կամ ազդել վերջին օրերին իմ ընտանիքի և պարոն Հարություն Մարությանի շուրջ կատարվող տարատեսակ զրպարտանքների խնդիրներին և մասնավորապես իմ, պարոն Մարությանի ու նրա դուստր Արփենիկ Մարությանի ստացած սպառնալիքների հարցերին: Ես շնորհակալություն եմ հայտնել և իմ կարծիքն արտահայտել, որ իր միջամտության ձևը չեմ տեսնում, քանի որ սրանք պետական մարմինների հետ առնչվող երևույթներ չեն:

Պարոն Թաթոյանը ինձ տեղեկացրեց, որ գլխավոր դատախազը մեր կողմից հանցագործության մասին ուղարկված հաղորդումը մակագրել է քննչական մարմիններին, չնայած ինքը՝ գլխավոր դատախազը այդտեղ հանցակազմ չի տեսնում: Այսօր ինձ զանգեցին ոստիկանությունից և վաղվա համար հրավիրեցին զրույցի՝ ասելով, որ նյութեր են հավաքվում մեր դիմումի կապակցությամբ:

Հիմա նոր սկսում եմ մտածել, որ եթե գլխավոր դատախազը առանց նյութերին ծանոթ լինելու (որոնք, ըստ քննիչի, նոր պիտի հավաքվեն), արդեն գիտեր, որ «այստեղ հանցակազմ չկա», ինչու՞ է ուղարկել «քննության»: Կամ, գուցե, ինքը նախապես ինչ-որ նյութերի ծանոթ է, որը նրան հիմք է տալիս հանցակազմ չտեսնել, և այդ դեպքում արդյո՞ք դրանք նույնպես ուղարկել է քննիչին: Մի խոսքով, քանի որ վատ եմ պատկերացնում «գործի քննություն» երևույթը, ընթացակարգը, գուցե և սխալ ուղղությամբ եմ մտածում: Բայց վերջ ի վերջո վաղը մայիսի 13-ն է, ինձ ու Մարությաններին սպառնացողների ուլտիմատիվ ժամկետի վերջին օրը, չգիտեմ վաղն ինչ ջղաձգումներ կլինեն, բայց վաղվա «քննության» մասին մտածելիս տրամադրությունս ընկնում է:

Իրավունքի կիրառական կողմը հասկացող իմ ֆեյսբուքյան ընկերներին հարց ունեմ՝ ինչպե՞ս կարող է գլխավոր դատախազը գործի քննությունից առաջ իմանալ՝ գործում հանցակազմ կա՞, թե՞ չկա: Եվ արդյոք այդ «նախնական իմացությունը» չի ուղղորդում և սրբագրում քննության ընթացքն ու արդյունքը»:

Նշենք, որ խոսքը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի կողմից հնչեցված «մերումանուկ անելու» սպառնալիքի մասին է:

  • Կիսվել: