հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Չեմ այցելել իրեն, բայց պահանջել եմ վիրահատությունը կազմակերպել սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասին

Չեմ այցելել իրեն, բայց պահանջել եմ վիրահատությունը կազմակերպել սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասին

Ես ինքս պետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով: Այս պահին չեմ կարող հրապարակային տեղեկատվություն հաղորդել, եթե չեմ սխալվում՝ պետական մարմինները աշխատանքներ են իրականացրել այդ ուղղությամբ ու պետք է որ լինեն արդյունքներ: Մենք նույնպես միջամտել ենք ու պահանջել անհապաղ հարցի ուսումնասիրություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Նարեկ Սամսոնյանի վիրահատության մասին հարցին:

«Երբ մենք խոսում ենք քաղաքացու կամ փաստաբանների կողմից տեղեկատվության մասին, շատ կարևոր է նաև երկրորդ կողմին լսել՝ հետագա բոլոր եզրահանգումները իրականացնելու համար»,- նշել է նա:

Հարցին, թե ինչու ՄԻՊ-ը չի այցելում Նարեկ Սամսոնյանին, Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ այցերն իրականացվում են բացառապես տեղեկատվություն ձեռք բերելու համար:

«2025 թվականին Հայաստանում հացադուլ է հայտարարել շուրջ 200 անձ, հիմա ՄԻՊ ազգային հաստատությունների գործունեության մեթոդաբանությունն այն է, որ այցեր իրականացվեն բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին վերաբերելի տեղեկատվություն ձեռք բերելու համար: Օրինակ՝ անձը բողոքում է և ասում, որ ինքը բռնության է ենթարկվում ու խնդրում է մեզ գաղտնի եղանակով ասել այն, ինչ ուզում է, մենք միջամտենք իր իրավունքների իրացմանը. այս դեպքերում քաղաքացիներին այցեր իրականացվում են: Սեփական նախաձեռնությամբ այցեր իրականացնում ենք այն դեպքերում, երբ կարիք է լինում տեղեկատվություն ձեռք բերել»:

Անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի հացադուլին՝ Մանասյանը նշեց. «Հացադուլը անձի իրավունքն է և պետությունը իրավունք չունի անձին հարկադիր սնուցում իրականացնել: Խցային պայմանների հետ կապված հարցը մեր կողմից որպես պահանջ ներկայացված է պետական մարմնին՝ շուտափույթ լուծում ստանալու նպատակով»:

  • Կիսվել: