Արագածոտնի թեմի դիվանապետի նկատմամբ սահմանափակումները մեղմացվել են․ նա կարող է այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի
Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողության սահմանափակումները մեղմացվեցին։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մասնակի բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ տեր Գարեգինի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողությունը վերացնելու վերաբերյալ։
Տեր Գարեգինին թույլատրվում է այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի, պատարագներ մատուցել՝ բացառելով այլ հոգևորականների հետ շփումը։
Նշենք, որ այսօր ցուցմունք էր տալիս գործով «տուժող» Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե- խմբ․), որն իր ցուցմունքի ընթացքում հայտարարեց, թե իր համոզմամբ՝ տեր Գարեգինն առհասարակ այս մեղադրանքի հետ կապ չունի, և եթե ինքը որոշելու լիներ, նա այստեղ չէր լինի։ Նշեց նաև, որ տեր Գարեգինի հոգևոր ծառայության վերադառնալը որևէ կերպ չի կարող իր վրա բացասական ազդեցություն ունենալ։
Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 19-ին։


