2026 թվականի վեց ամիսներին ՀՀ-ում ՃՏՊ-ների թիվն աճել է, դրանց հետևանքով զոհերի թիվը՝ նվազել
Հայաստանի տարածքում 2026 թվականի վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 2․146 ճանապարհատրանսպորտային պատահար՝ նախորդ տարվա 2․072-ի դիմաց։ Չնայած ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին՝ նախորդ տարվա համեմատ 4-ով կամ 3,4%-ով նվազել է ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը, իսկ 2024թ․ համեմատությամբ՝ 31-ով կամ 21,4%-ով։
Օգոստոսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։
«Նման պատկերի ձևավորումը գլխավորապես պայմանավորված է 2024 թվականից հանրապետության ողջ տարածքում Պարեկային ծառայության լիարժեք գործարկմամբ, ինչպես նաև ՃՏՊ-ների կանխարգելման նպատակով ձեռնարկված տարաբնույթ համակարգային լուծումներով՝ հատկապես մայրուղիները ժամանակակից տեսանկարահանող տեխնիկական միջոցներով վերազինելու և ռիսկային վայրերն այդ համակարգերով կահավորելու ուղղությամբ»,- ասաց Ցուցուլյանը:
Արդյունքում, կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ 523․377 (476․745) վարչական իրավախախտման արձանագրություն, այդ թվում` տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու՝ 11․090, առանց ամրագոտու տրասպորտային միջոց վարելու՝ 115․990, արագությունը գերազանցելու՝ 60․723 դեպք։
Բացի այդ, արձանագրվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերման թվի աճ՝ 3․231-ով կամ 74,4%-ով (4․343-7․574)։
Ցուցուլյանը հավելեց, որ ավտոմեքենաներից կատարված գողություններից 354-ը զուգորդվել է շորթմամբ (370)։
«Հաշվի առնելով նշված հանցատեսակի տարածվածությունը, ինչպես նաև բնակիչների կողմից հնչեցվող արդարացի դժգոհությունը՝ ոստիկանության ծառայությունների կողմից իրականացվել են մի շարք թիրախային միջոցառումներ, որոնց արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից գողություններ կատարող 43 հանցավոր խումբ, որից 18-ը՝ գողացված պահեստամասերի ու հաշվառման համարանիշների միջոցով շորթումներով զբաղվող։ Բացի այդ, նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքում տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար նախատեսվել է առավել խիստ պատժաչափ։ Ակնկալում ենք, որ ընթացիկ տարում կունենանք առավել դրական պատկեր»,- նշեց Ցուցուլյանը։



