երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
2026–ի առաջին կիսամյակում ՀՀ–ում գրանցվել է 6421 արտակարգ դեպք և պատահար. թիվը նվազել է

2026–ի առաջին կիսամյակում ՀՀ–ում գրանցվել է 6421 արտակարգ դեպք և պատահար. թիվը նվազել է

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ամփոփել է Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների՝ 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացրած աշխատանքների արդյունքները և նախանշել առաջիկա աշխատանքների հիմնական ուղղությունները։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցկացրել են հրամանատարաշտաբային, շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, ինչպես նաև սեմինար-պարապմունքներ, վարժանքներ և իրազեկման միջոցառումներ։ Դրանք ուղղված են եղել քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ բնակչության իրազեկվածության, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և գործելու կարողությունների, ինչպես նաև ընդհանուր պատրաստվածության բարձրացմանը։

Իրականացված միջոցառումները կարևոր բաղադրիչ են աղետների ռիսկի կառավարման համակարգի շարունակական զարգացման, մասնավորապես՝ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում։ Դրանց նպատակն է բարձրացնել ինչպես բնակչության, այնպես էլ արձագանքող կառույցների պատրաստվածության մակարդակը։

Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ շարունակվել է արդյունավետ համագործակցությունը տեղական և միջազգային գործընկեր կառույցների հետ։ Հեղեղների առաջացման ռիսկերի նվազեցման և հնարավոր հետևանքների կանխարգելման նպատակով հեղեղավտանգ տեղամասերում իրականացվել են գետերի հուների և հեղեղատարների մաքրման աշխատանքներ։

Միաժամանակ, իրականացվել են բարդ հրդեհների դեպքերի վերլուծություններ՝ դրանց առաջացման պատճառների, զարգացման ընթացքի, կիրառված ուժերի և միջոցների, ինչպես նաև իրականացված փրկարարական աշխատանքների արդյունավետության գնահատման նպատակով։ Վերլուծությունները հնարավորություն են տալիս բացահայտել առկա խնդիրներն ու ռիսկերը, գնահատել արձագանքման արդյունավետությունը և մշակել նման դեպքերի կրկնությունը կանխելուն կամ դրանց հնարավոր հետևանքները նվազեցնելուն ուղղված գործնական լուծումներ։

Փրկարար ծառայողների մասնագիտական կարողությունների և գործնական հմտությունների շարունակական զարգացման ու կատարելագործման նպատակով հաշվետու ժամանակահատվածում վերապատրաստվել է շուրջ 1000 ծառայող։

Շարունակվել են նաև կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ձևավորման և կամավորականության ինստիտուցիոնալացման աշխատանքները։ Ավստրիական և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների հետ համատեղ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալացում» ծրագրի շրջանակում գործող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի թիվը հասցվել է 12-ի։

Կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի զարգացումը կարևոր նշանակություն ունի աղետների ռիսկի նվազեցման և համայնքների դիմակայունության բարձրացման տեսանկյունից։ Դրանք հնարավորություն են տալիս վտանգի դեպքում առաջին արձագանքն առավել արագ կազմակերպել համայնքային մակարդակում և նվազեցնել հնարավոր վնասներն ու հետևանքները։

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է 6421 արտակարգ դեպք և պատահար, որոնցից 4737-ը՝ տեխնածին, 569-ը՝ տարերային, իսկ 1115-ը՝ սոցիալ-կենսաբանական բնույթի։Ըստ վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտակարգ դեպքերի և պատահարների ընդհանուր թիվը նվազել է։

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ Արամ Ղազարյանը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել Փրկարար ծառայության մասնագիտական և գործնական պատրաստվածության բարձրացման, ուսումնավարժությունների արդյունավետության, աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելիչ միջոցառումների կատարելագործման ուղղությամբ աշխատանքները։

Նա ընդգծել է նաև արձանագրված խնդիրների և դրանց պատճառների խորքային ուսումնասիրության, ինչպես նաև դեպքերի կրկնությունը բացառող գործնական լուծումների ներդրման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման հիմքում պետք է դրվեն ոչ միայն արագ և արդյունավետ արձագանքման, այլև աղետների ռիսկի նվազեցման սկզբունքները։

Միաժամանակ, կարևորվել է կանխարգելման բաղադրիչի հետագա կատարելագործումը՝ հնարավոր վտանգներն ու ռիսկերը հնարավորինս վաղ փուլում բացահայտելու, դրանց հնարավոր ազդեցությունները նվազեցնելու և առաջացման դեպքում հնարավոր հետևանքները մեղմելու նպատակով։

Նախանշվել են նաև առաջիկա աշխատանքների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ կազմակերպել Փրկարար ծառայության հետագա գործունեությունը, շարունակաբար զարգացնել աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ կարողությունները և բարձրացնել բնակչության պաշտպանության արդյունավետությունը։

  • Կիսվել: