ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
2024-ին բացահայտվել է ավելի քան 4000 հանցագործության դեպք, որից 1811-ը եղել է թմրամիջոցների բացահայտում. Խաչատրյան

2024-ին բացահայտվել է ավելի քան 4000 հանցագործության դեպք, որից 1811-ը եղել է թմրամիջոցների բացահայտում. Խաչատրյան

Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում վերջին 5-6 տարում կառավարության կողմից հսկայական աշխատանքներ են կատարվել: Այս մասին, այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Իհարկե, բնագավառի կարևորագույն առանցքային մասն են կազմում ճանապարհային շինարարությունը, հիմնանորոգումը, վերանորոգումը և այս առումով հնարավոր չէ չփաստել, որ կատարվել են աննախադեպ ծավալի աշխատանքներ։ Հիմնանորոգվել, նորոգվել և կառուցվել են մոտ 2414 կմ  ճանապարհներ։ Սրա մեջ չեն մտնում սուբվենցիոն ծրագրերով իրականացված ծրագրերը, գրունտային և այլ ռազմական նշանակության ճանապարհների շինարարությունը, որի ծավալը նույնպես շատ մեծ է»,- ասաց նա:

Խոսելով տեխզննության ոլորտի մասին, Խաչատրյանն ասաց. «Մինչ 2021 թվականը վարորդները վճարել են տեխզնության համար սահմանված գումարները, սակայն հիմնականում տեխզնություն չեն անցրել, որովհետև օրենսդրությունը պարտադրել է միայն վճարումները, այլ ոչ տեխնիկական զննություն անցնելը։ Կառավարությունը այս ոլորտին էականորեն լավարկել է, վերացրել տեխզնության կտրոն հասկացությունը, կտրոնի համար պահանջվող վճարը և իհարկե տեխզնությունը դարձրել պարտադիր»:

Պատգամավորի խոսքով, նշված ժամանակահատվածում ներդրվեց տուգանային միավորների համակարգ։ «Սկզբունքը հետևյալն էր, բարձր տուգանքներ չպետք է լինեն, առավելագույնը պետք է լինի 29000 դրամ տուգանք, վերացվեցին 100 000, 200 00, 500 000 տուգանքները, փոխարենը մտցվեց բալային համակարգը, որը էական դրական ազդեցություն ունեցավ երթևեկության անվտանգության ապահովման վրա։

Հաջորդ մեծ ինստիտուցիոնալ փոփոխությունը, պարեկային ոստիկանության ստեղծումնն էր։ Սրանով երթևեկության վերահսկման նոր համակարգ և մշակույթ ձևավորվեց։ Այս ինստիտուտի գոյությունը էական ազդեցություն ունեցավ հանցագործությունների, ինչպես նաև իրավախախտումների նախականխման, կանխարգելման և բացահայտման գործում։ Միայն 2024 թվականին պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է ավելի քան 4000 հանցագործության դեպք։ Սա միայն հանցագործությունների մասին, ես չեմ նշում իրավախախտումները ճանապարհային երթևեկության կանոնների, որոնք մի քանի 100 հազարի են հասնում։

4000 հանցագործության դեպքից 1811-ը եղել է թմրամիջոցների բացահայտում։ Ոստիկանությունը գուցե մի տարվա աշխատանքի արդյունքում, այսքան թմրամիջոցների բացահայտում չի ունենում, ինչքան միայն պարեկային ոստիկանությունը մեկ տարվա ընթացքում:

Զգալիորեն բարդացվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքների ստացման գործընթացը։ Բացի այդ, ուժեղացվել է համակարգի նկատմամբ վերահսկողությունը, ինչը էականորեն նվազեցրել է համակարգում կոռուպցիոն ռիսկերը։ Այսօր առանց տեսական և գործնական գիտելիքների գրեթե հնարավոր չէ սպանել վարորդական իրավունք»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

  • Կիսվել: