շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Զիջումների սահմանը Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետրն է․ վարչապետ

Զիջումների սահմանը Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետրն է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այն հարցին, թե որն է Հայաստանի զիջումների սահմանը։ 

 Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նա հիշեցրեց, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Հայաստանը կամ պետք է գնար զիջումների, կամ պատերազմի ճանապարհով։

«2018 թվականից ամենամեծ խնդիրը, որի հետ ես և մենք առնչվել ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հետևյալն է եղել, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ մի իրադրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պետք է գնայինք զիջումների կամ պատերազմի ճանապարհով։ Սերժ Սարգսյանի ասած տրամաբանության մեջ։ Եվ ես ինձ այդ հարցը տվել եմ, ասել եմ՝ լավ, այս զիջումը անենք, այս զիջումը անենք, այն զիջումը անենք, և ո՞րտեղ է կանգնելու այդ զիջումների ընթացքը։ Եվ չեմ կարողացել ստանալ այդ հարցի պատասխանը։

Հիմա այդ հարցի պատասխանը ես ունե՞մ։ Այո, ես այդ հարցի պատասխանը ունեմ և այդ հարցի պատասխանն է Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քկմ է։ Այն ժամանակ բոլոր առումներով ոչ թե շատ դժվար, այլ անհնար կլիներ ասեի՝ ժողովուրդ, մենք պետք է համաձայնվենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի ինքնավարություն այն տրամաբանությամբ, որ լինի համատեղ կառավարմամբ և մեր զիջումների սահմանը պետք է լինի 29 հազար 743 քկմ-ը»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այն ժամանակ անհնար կլիներ նման հայտարարությամբ հանդես գալը։

«Ես ինքս ինձ չէի կարող դա համոզել և դա իմ ամենամեծ սխալն է և ձախողումն է։ Այո, պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամեն ինչը պետք է վերցնի իր վրա։ Եվ այսօր դրա համար եմ անում դա, ես դա պետք է վերցնեմ իմ վրա, որովհետև եթե չվերցնեմ, ուրիշ ոչ-ոք չի վերցնի»,-եզրափակեց Փաշինյանը։

  • Կիսվել: