երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վարչապետն ու ԱԳՆ-ն հակասում են իրար. «Ժողովուրդ»

Վարչապետն ու ԱԳՆ-ն հակասում են իրար. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021թ. մայիսի 21-ին ԱԳՆ մամուլի նախկին քարտուղար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման եւ հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի եւ Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:

Այդ ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արա Այվազյանը, որը հրաժարական տվեց այդ հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց՝ մայիսի 27-ին: Արդեն նույն տարվա նոյեմբերի 18-ին՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքների մասին հարցին, հայտարարեց, որ սահմանազատման ու սահմանագծման եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցերը միմյանց հետ փոխկապակցված չեն, եւ դրանց ուղղությամբ տարբեր ձեւաչափերում են աշխատում:

«Մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար երեք տարբեր հարցերն իրար հետ փոխկապակցված չեն՝ մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում: Դրանք տարբեր հարցեր են, եւ այդ հարցերի քննարկման բովանդակությունն ու բանաձեւերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ դրանք իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»,-ասել էր Փաշինյանը:

Ստացվում է՝ վարչապետն ԱԳՆ-ին ամբողջությամբ հակասող դիրքորոշում է հայտնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ու Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ, հետեւաբար հերթական անգամ մանիպուլացրել է հասարակությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: