ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ժողովրդավարությունը միջոց է, որպեսզի Հայաստանը լինի մաքսիմալ մրցունակ․ վարչապետ

Ժողովրդավարությունը միջոց է, որպեսզի Հայաստանը լինի մաքսիմալ մրցունակ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այն հայտարարություններին, որ Հայաստանը, ընտրելով ժողովրդավարությունը, զիջել է անվտանգությունը։Ազգային ժողովում ՀՀ վարչապետը նշեց, որ այդ հարցը միշտ եղել է և շարունակելու է լինել։

«Եվ հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։ Մենք պետք է շատ անկեղծ և ազնիվ լինենք և տեղի ունեցածը գենետիկ մակարդակում հասկանանք։ Իմ գնահատականը այն է, որ մենք իրականում շատ ուշացել ենք ժողովրդավարության հարցում, և դա է պատճառը, որ մենք առերեսվում ենք այս ամեն ինչին»,- ասաց վարչապետը։

Վարչապետի կարծիքով՝ պետք է խոսել նրա մասին, թե ինչպիսի՞ մրցունակ պետություն են ստեղծել, թե ինչպե՞ս են քաղաքականություն վարել։

«Եկեք խոստովանենք, որ մենք վարել ենք պայթյունը հետաձգելու քաղաքականություն։ Սա այնքան հստակ է։ Այս ամբիոնից բազմիցս եմ անդրադարձել, ուղղակի այսօր ցանկացա, որ հարցերին անդրադառնամ այն տեսանկյունից, որոնց նախկինում ոչ մի անգամ չեմ անդրադարձել կամ շատ մակերեսային եմ անդրադարձել։ Լավ ո՞րն էր մեր պատկերացումը, ի՞նչ էր լինելու հետո։ Այդ բոլոր պատկերացումները, որոնք ունեցել ենք, այդ պատկերացումները իրավական որևէ հիմք չեն ունեցել։ Եվ մենք մեր պատկերացումներին համարժեք պետական ինստիտուտներ չենք ունեցել և մենք մեր պատկերացումներին համարժեք մրցունակ պետություն չենք ունեցել։ Սա իմ համոզմունքն է»,- շեշտեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ոչ մի գաղտնիք չկա, որ Ղարաբաղի հարցը օգտագործվել է Հայաստանում իշխանության հասնելու և իշխանություն պահելու համար։

«Ըստ էության, այո, այդ նույն մարդիկ մտածեցին (պատերազմից առաջ էլ իրենց պլանը), որ Ղարաբաղի հարցով է պետք գալ իշխանության, որովհետև 1998 թվականին Ղարաբաղի հարցով են դա արել, հիմա էլ ուզում են Ղարաբաղի հարցով անել՝ միևնույն ժամանակ, չտալով հարցերի պատասխաններ։ Նորից եմ ասում, ժողովրդավարությունը նպատակ չի, ժողովրդավարությունը միջոց է։ Ժողովրդավարությունը միջոց է, որպեսզի երկիրը լինի մաքսիմալ մրցունակ։ Համոզված եմ, որ մեր ժողովրդի հոգուն, պատկերացումներին և արժեքներին համարժեք համակարգը հենց դա է։ Ընտրություններից հետո կառավարման համակարգի հարցում էլ եմ համոզվել, որ խորհրդարանական կառավարման համակարգը ճիշտ ձևն է»,- եզրափակեց վարչապետը։

  • Կիսվել: