հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ժողովրդավարական բաստիոն Հայաստանում 8 ամիս հետո դատախազությունը կարողացավ վերադարձնել մակագրման համակարգի բանալիները, բայց ոչ ԲԴԽ-ն. Արամ Վարդևանյան

Ժողովրդավարական բաստիոն Հայաստանում 8 ամիս հետո դատախազությունը կարողացավ վերադարձնել մակագրման համակարգի բանալիները, բայց ոչ ԲԴԽ-ն. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր անդրադարձավ դատական գործերի մակագրման համակարգի վերաբերյալ թնջուկին:

«Ի՞նչ էր տեղի ունեցել, Գլխավոր դատախազությունն 8 ամիս անց կարողացել էր ջանքեր գործադրել ու բանալիները վերադարձնել, որպեսզի մակագրման համակարգը ձեռքով չգործի, բայց, մյուս կողմից, Դատական դեպարտամենտն ու Բարձրագույն դատական խորհուրդն ասում էին, որ չեն ստացել բանալիները: Դատախազությունը հրապարակում է թուղթ, որտեղ գրված է, որ Դատական դեպարտամենտը ստացել է, ԲԴԽ-ն էլ հայտարարում է, թե չեն ստացել բանալիները: Կարծում եմ՝ այս ամենը պայմանավորված է նրանով, որ այս ժամանակահատվածում կար մեծ կարևորություն՝ ձեռքով մակագրումները շարունակելու, բայց այդ ժամանակը, կարծես թե, սպառվեց ու այսօր Դատական դեպարտամենտը հայտարարեց, որ մակագրման համակարգը նորից գործելու է», - հայտարարեց Վարդևանյանը:

Նա նշեց, որ էլեկտրոնային մակագրման համակարգը դատական իշխանության անկախության կարևորագույն երաշխիքներից էր:

«Ժողովրդավարական բաստիոն Հայաստանում ութ ամիս բանալիները առգրավվել էին, բայց ութ ամիս հետո դատախազությունը կարողացավ վերադարձնել, բայց ոչ ԲԴԽ-ն», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: