կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել ներս մտնել Հակակոռուպցիոն կոմիտե՝ որպես պաշտպան

Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել ներս մտնել Հակակոռուպցիոն կոմիտե՝ որպես պաշտպան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել մտնել Հակակոռուպցիոն կոմիտե՝ որպես պաշտպան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փոստանջյանը:

«Լավ է՝ չեն ասում՝ ես վկա եմ այս գործով: Այսինքն՝ խնդիր չունեք, արդար քննություն եք կատարում, ուզում եք ինչ-որ բան բացահայտել, մարդու հիմնարար իրավունքները հարգեք:

Հիմա ես ստիպված պիտի զանգեմ Մարդու իրավուքնների պաշտպանին, միջազգային կազմակերպություններին, ևս մեկ անգամ խայտառակեմ էս խայտառակությունը, ցույց տամ, որ ինչ խայտառակ համակարգ է»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս պահին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է, որտեղից հայտնել են, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց՝ ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

 

 

  • Կիսվել: