Ընթանում է մեդիապատերազմ, որը ոչ միայն կառավարող ուժի դեմ է, այլ նաև սանձազերծված է Հայաստանի դեմ․ Գայանե Աբրահամյան
«Չորրորդ իշխանությանը սահմանափակել որևէ իշխանություն, առավել ևս ժողովրդավար, լեգիտիմ ընտրություններով ընտրված իշխանություն, չի կարող և չի ցանկանում», այսօր Ազգային ժողովում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
Նրա խոսքով, այսօր դաշտին կանոնակարգումներ են անհրաժեշտ։
«Ազատ խոսքի իրավունքը բոլորովին բացարձակ իրավունք չէ, սա սահմանափակվում է, եթե այն սահմանափակում և խաթարում է մյուս իրավունքները»,-ընդգծեց Աբրահամյանը:
Պատգամավորի կարծիքով՝ ընթանում է մեդիապատերազմ, որը ոչ միայն կառավարող ուժի դեմ է, այլ նաև սանձազերծված է Հայաստանի դեմ: Դրա նպատակը ոչ միայն խնդիրներ հարուցելը, կառավարության վարկանիշը նվազեցնելն է, այլ, պատգամավորի կարծիքով, նաև ժողովրդավարության հիմքերը խաթարելն է:
Գայանե Աբրահամյանը նկատց, որ հատկապես վերջին ամիսներին հատկապես համարավարակի իրավիճակում ավելի տեսանելի է, թե ինչ հետևանքներ է ունենում ապատեղեկատվությունը: Նման քայլերով, ըստ պատգամավորի իշխանությանը դրդում են փակել ինչ-որ հեռուստաալիք, լրատվամիջոց:
«Մեզ դրդում են հակաժողովրդավարական քայլերի, մեզ դրդում են, որ մենք անենք քայլեր, որոնք որևէ կերպ մեր արժեքային տիրույթում չեն: Մենք չենք անելու այդ քայլերը, գնալու ենք բացառապես իրավական ճանապարհով»,-ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ ներկայացված նախագիծը հենց դրա մասին է:


