Ընդդիմությունը պետք է վերցնի իրեն հասանելիք պաշտոնները. Ղազարյան
Ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասով «ՔՊ»-ն քաղաքական որոշում կկայացնի հարց ու պատասխանից հետո։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «ՔՊ»-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Նման որոշումներ մենք սովորաբար կայացնում ենք հարց ու պատասխանից հետո։ Նկատել եք, որ սովորաբար ֆրակցիայի նիստ ենք գումարում՝ լիագումար նիստերում հարց ու պատասխանից հետո, որտեղ խմբակցությունը որոշում է կայացնում քվեարկության վերաբերյալ։ Վստահ եմ, որ պարոն Վարդևանյանին հարցեր ուղղելուց հետո ֆրակցիան կգումարի նիստ ու նման որոշում կկայացնի կամ չի կայացնի։ Չեմ կարող եզրակացնել, թե տարբեր գործընկերներ ինչ հարցեր կուղղեն, բայց ես մի հարց ունեմ, որը իրեն հղել եմ նաև լիագումար նիստերի դահլիճում, որի պատասխանը մինչ այդ պահը չեմ ստացել։ Ուզում եմ հիշեցնել, որ պարոն Վարդևանյանը եղել է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ցուցակում։ Ռոբերտ Քոչարյանի ցուցակում նա նաև մանդատ է ունեցել մի քանի տարի, հետո վայր է դրել մանդատը և հանրությունը այդպես էլ չի իմացել, թե ժողովրդի վստահության քվեն ինչու չի պահպանել ու հիմա Սամվել Կարապետյանի ցուցակում է։ Հետաքրքիր է լսել, թե ինչն այնպես չեն արել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որ, ի վերջո, նա հանգրվանել է Սամվել Կարապետյանի ցուցակում»:
Խոսելով ընդդիմադիրների հետ տարաձայնություններ ունենալու մասին, Ղազարյանը նշեց, որ մտավախություն ունի, որ բարեկրթության մասին խոսելով տպավորություն է ստացվում, որ տարաձայնությունների մասին չեն խոսելու։
«Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք, բայց սա դեռ չի նշանակում, որ մենք քաղաքակիրթ ձևով, առանց անձնական վիրավորանքի չենք կարող քննարկել այն հարցերը։ Սկսած արտաքին հարաբերություններից, վերջացած սոցիալ-տնտեսական հարցերով մենք ունենք շատ լուրջ տարաձայնություններ, բայց մեր ժողովուրդը պետք է կարողանա տեսնել քաղաքակիրթ խորհրդարան, որին հետևելը հաճելի է։ Կարծում եմ, որ այս երկու օրերին կարողացել ենք ունենալ բավականին բարեկիրթ, միաժամանակ սուր բովանդակությամբ քննարկում։ Ես կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է վերցնի իրեն հասանելիք պաշտոնները, որպեսզի չխաթարվի խորհրդարանի գործունեությունը։ Այս մասին կա նաև ՍԴ որոշում։ Մենք պետք է 5 տարի միասին աշխատենք ի բարօրրություն ՀՀ-ի»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:



