հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վտանգ կա, որ բախումները կվերաճեն լայնածավալ պատերազմի. ԱԳ փոխնախարարը՝ «Ռոյթերս»-ին

Վտանգ կա, որ բախումները կվերաճեն լայնածավալ պատերազմի. ԱԳ փոխնախարարը՝ «Ռոյթերս»-ին

Հայաստանը հստակ վտանգ է տեսնում, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող մահացու բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի, ուստի կոչ է անում մեծ տերություններին ավելի շատ ուշադրություն դարձնել ստեղծված ծանր իրավիճակին: Այս մասին գրել է «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ հարցազրույցը:

«Դուք գիտեք, թե ինչքան անկայուն է իրադրությունը մեր տարածաշրջանում: Իրավիճակը, ինչպես արդեն նշեցինք, շարունակում է սրվել», - ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը:

«Ռոյթերս»-ի հարցին՝ կա՞ն արդյոք ռիսկեր, որ սահմանային էսկալացիան կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է. «Հստակ վտանգ կա»:

Լոնդոնում հիմնված լրատվամիջոցը իր հերթին հավելել է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք տասնամյակներ շարունակ հակամարտում էին Լեռնային Ղարաբաղի շրջանի համար, երկուշաբթի ուշ գիշերին իրենց սահմանին սկսված բախումները սկսելու համար միմյանց են մեղադրում»:

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

 

  • Կիսվել: