հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վարչապետը պատրաստակամություն է հայտնել փակ դռների հետևում ներկայացնել պաշտպանական ծախսերի կրճատման բոլոր պատճառները

Վարչապետը պատրաստակամություն է հայտնել փակ դռների հետևում ներկայացնել պաշտպանական ծախսերի կրճատման բոլոր պատճառները

2024 թվականի բյուջեի համեմատ 2025 թվականին պաշտպանության ծախսերի զգալի և կտրուկ աճ է գրանցվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ժամին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ աճը անհամաչափ մեծ էր և կազմել է 115 միլիարդ դրամ, ընդ որում, նրա խոսքով, այս աճը պայմանավորված է մի շարք հրատապ կարիքներով։ «Ծախսերի մի մասն ուղղել ենք պաշտպանության ոլորտում ապագա միջազգային պարտավորությունների և պարտքերի մարմանը։ Այն վարկերը, որոնք պետք է մարվեին 2030 կամ 2035 թվականներին, մենք հարմար գտանք մարել ավելի վաղ և նվազեցնել ապագա պարտքային բեռը։

Նրա խոսքով՝ եթե չլիներ այդ անհամաչափ կտրուկ աճը, ապա կլիներ բնական, սովորական աճ։

«Այն, որ մենք չենք նախատեսում պաշտպանության ծախսերի աճ 2026 թվականին՝ 2025 թվականի համեմատ, նույնպես կապված է դրա հետ։ Բայց կան նաև այլ գործոններ, որոնք ես կարող եմ անհրաժեշտության դեպքում փակ ռեժիմով ներկայացնել խորհրդարանին՝ իրավիճակը պարզաբանելու համար։

Մեր վարած քաղաքականությունն իր մեջ սպառնալիք չի պարունակում, խոցելի չի դարձնում անվտանգության համակարգը և խնդիրներ չի ստեղծում այս ոլորտում։ Ընդհակառակը, մենք գտնվում ենք զարգացման բնականոն գործընթացում և այդ բնականոն զարգացումը կշարունակվի»,-նշել է վարչապետը:

  • Կիսվել: