Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական պատվեր չէ. Արմավիրի մարզպետ
Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական պատվեր չէ, կպարզվի, մեղավորները պատասխան կտան, Վոլոդյա Գրիգորյանը մեր լավ ընկերն էր: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը:
Ճշտող հարցին՝ դեռ չի՞ պարզվել դեպքի հանգամանքները, ի՞նչ գիտի, որ քաղաքական պատվեր չէ, նա ևս մեկ անգամ ասաց, որ քաղաքական չէ:
Նա ընդգծեց, որ բոլոր երկրներում էլ նման բաներ տեղի են ունենում, Հայաստանը բացառություն չէ:
Իսկ լրագրողների հարցին՝ իրեն պատասխանատու զգո՞ւմ է, մարզպետը պատասխանեց. «Այո, իհարկե»։
Նա հավելեց, որ դեռ առիթ կլինի շփվելու լրագրողների հետ և այլ հարցերը, այդ թվում՝ հրաժարական կտա՞, թե ոչ, թողեց անպատասխան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։
Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Տեսանյութը՝ այստեղ:


