կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վիրահատարանի «գահից» իջել եմ, նստել եմ ԱԺ հասարակ կարմիր աթոռներին միայն մի նպատակով. Չարչյան

Վիրահատարանի «գահից» իջել եմ, նստել եմ ԱԺ հասարակ կարմիր աթոռներին միայն մի նպատակով. Չարչյան

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը շարունակում է պնդել, որ իր կալանավորումը ապօրինի է եղել, իսկ առողջական վիճակը որոշակիորեն բարելավվել է, արդեն Ազգային ժողովում անցել է աշխատանքի:

Չարչյանը խորհրդանում լրագրողների հետ զրույցում իր  կալանավորումը որակեց  ապօրինություն: «Դա հաստատվեց երկու փաստաթղթով, առաջինը՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որ ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի, իրավունք չունեին կալանավորելու, և երկրորդը՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ առողջական վիճակից ելնելով»,-ասաց Չարչյանը:
 

Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ պատգամավորն ասաց, որ այն նկատելի կերպով որոշակիորեն բարելավվել է: «Արդեն կարող եմ անցնել աշխատանքի, գալ Ազգային ժողով և միևնույն  ժամանակ կարող եմ զբաղվել իմ սիրած աշխատանքով: ԱԺ աշխատանքն իմ աշխատանքային առաջնահերթությունը չէ, աշխատանքային առաջնահերթությունը բժշկությունն է»,-ասաց Չարչյանը՝ հավելելով, որ քայլելը իր համար դեռևս դժվար է:

Որպես ԱԺ պատգամավոր՝ նա իրավունք ունի բժշկության մեջ զբաղվելու միայն գիտական և կրթական գործունեությամբ: «Այս ընթացքում մեծ հաճույքով զբաղվելու եմ Երևանի պետական բժշկական համալսարանի վնասնավածքաբանության, օրթոպեդիայի ամբիոնի աշխատանքներով»,-ասաց պատգամավորը:

«Իմ երազանքն  է վերադառնալ իմ վիրահատարան: Վիրահատարանի «գահից» իջել եմ, նստել եմ այս հասարակ կարմիր աթոռներին միայն մի նպատակով, որ կարողանամ առավել բարեկեցիկ, առավել լավ երկիր կառուցելու վրա ազդեցություն ունենալ: Երբ այդ ամենը կամփոփվի, ես հաճույքով կվերադառնամ իմ վիրահատարան»,-ասաց Չարչյանը:

Նա վստահեցրեց, որ իր քաղաքացիական դիրքորոշումը, իր ուղղվածությունը, իր մտածելակերպը որևէ փոփոխության այս ընթացքում չեն ենթարկվել: «Կալանավորումն իմ հայացքների, մտածելակերպի, աշխարհայացքի, հոգեկան իրավիճակի վրա որևէ ազդեցություն չի թողել»,-ասաց Չարչյանը:

Հարցին՝ երկմտե՞լ է խորհրդարան վերադառնալու համար՝ նա բացասական պատասխան տվեց:

  • Կիսվել: