հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վերանայվել են դատախազի, քննիչի 20 տարվա մասնագիտական ստաժով կենսաթոշակ նշանակելու հիմքերը

Վերանայվել են դատախազի, քննիչի 20 տարվա մասնագիտական ստաժով կենսաթոշակ նշանակելու հիմքերը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Վերանայվել են դատախազի, Հակակոռուպցիոն կոմիտեում, Քննչական կոմիտեում, ՊԵԿ քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժով կենսաթոշակ նշանակելու հիմքերը:

«Լրամշակված նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը չունի սույն օրենքով կենսաթոշակի իրավունք, եթե պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, որը կատարվել է պաշտոնավարման ընթացքում:

Այս դեպքում 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժով նշված անձանց կենսաթոշակ կնշանակվի անկախ ազատման հիմքից, և հաշվի կառնվի միայն պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո, մինչև կենսաթոշակի համար դիմելը, պաշտոնավարման ընթացքում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու հանգամանքը»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ  օրենքի նախագծի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է ՍԴ որոշմանը, ինչպես նաև դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումը:

  • Կիսվել: