հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վատ աշխատող ճանապարհաշինարարները տուգանվել են. Սանոսյան

Վատ աշխատող ճանապարհաշինարարները տուգանվել են. Սանոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե առատ ձյան պայմաններում ճանապարհների սպասարկման հետ կապված թերությունների վերաբերյալ պատկերն ինչպիսին է, և արդյոք պատասխանատվության մեխանիզմներ կիրառվելո՞ւ են իրենց աշխատանքի մեջ թերացած ընկերությունների նկատմամբ:

Գնել Սանոսյանն առաջարկեց ֆիքսել՝ վերջին 40 տարում մարտ ամսին այսքան ձյուն չի եկել, ինչն արդեն խնդրահարույց է:

«Մյուս կողմից՝ մենք սպասարկող ընկերությունների հետ կապված՝ դեկտեմբերին անցկացրել ենք մրցույթներ, որում մի շարք փոփոխություններ ենք արել, բայց իրենց տվել ենք ժամանակահատված, որպեսզի այդ մեքենասարքավորումները ձեռք բերեն: Նրանց պարկի առնվազն 70 տոկոսը պետք է լինի սեփական, նախկինում 50, այժմ՝ 40 կմ-ի համար մեկ տեխնիկա ունենան: Տարեթվի և այլ հարցեր են փոխվել. կան ընկերություններ, որոնք մրցույթներին նոր են մասնակցել, և իրենք այս ընթացքում ձեռք են բերում, և այդ կարգավորումն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից: Այս ամենի կողքին կան բավական բարեխիղճ աշխատող ճանապարհաշինարարական ընկերություններ, որոնք մեր գործընկերների, հատկապես ԱԻՆ-ի, ոստիկանության, մյուս գործընկերների, համայնքների հետ բավական ծանր աշխատանք են տանում այս օրերին»,- ասաց նախարարը:

Սանոսյանը նշեց, որ վատ աշխատող ճանապարհաշինարարները, առնվազն 4-5 ընկերություն, հունվարին և փետրվարին արդեն տուգանվել են, իրենց տրվելիք գումարներից պահում է արվել:

«Միայն իմ՝ Կապան գնալը Կապանի ճանշինի վրա արժեցավ 5 մլն դրամ. իրենց տուգանեցինք անբարեխիղճ աշխատանքի համար: Այս մարտ ամսի տվյալները կունենանք ապրիլի սկզբին, բոլոր տեղերում տեսուչները արձանագրում են, թե որ ընկերությունն ինչպես է աշխատում, և, ըստ դրա, հետևություն կանենք»,- ասաց Գնել Սանոսյանը:

Նախարարը նկատեց՝ այս օրերին հատկապես բեռնատարներից է սկսվում խնդիրը՝ ճանապարհը փակվում է՝ իր բոլոր հետևանքներով:

«Գրեթե չկա բեռնատար, որի կցորդիչը ձմեռային անվադողերով է: Երբ որ նման եղանակային պայմաններում առանց ձմեռային անվադողի բեռնատարը ճանապարհին է, ժողովրդի լեզվով ասած՝ «մկրատ» է առաջանում, ճանապարհը փակում է, և սկսում են լուրջ դժվարություններ առաջանալ, որն էլ բերում է նման հետևանքների»,- նշեց ՏԿԵ նախարարը:

  • Կիսվել: