հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ:
 
Վարչապետը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և խոցելի խավերին օգնություն տրամադրելու հարցում Հռոմի Սրբազան եկեղեցու և անձամբ Ֆրանցիսկոս պապի ջանքերի համար և ներկայացրել համավարակի դեմ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:
 
Երկուստեք ընդգծվել է այսօր աշխարհում խաղաղության պահպանման, սպառազինման դադարեցման և ժողովուրդների միջև խաղաղության մշակույթի տարածման կարևորությունը և խրախուսումը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը մեծապես կարևորել է Ֆրանցիսկոս պապի կողմից անցած ամիս կատարած համընդհանուր զինադադարի կոչը, ներկայացնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը, նաև երախտագիտություն հայտնել Նորին Սրբությանը՝ հայ ժողովրդի և պատմական արդարության կողքին մշտապես կանգնելու համար։
 
Նորին Սրբությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու երկրորդ տարին լրանալու կապակցությամբ: Նա մեծ գոհունակությամբ ընդգծել է Հռոմի Կաթոլիկ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիների միջև գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններն ու անսասան կապը: Հռոմի Սրբազան Քահանայապետը վերահաստատել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:
 
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ կաթողիկե համայնքի դերակատարումը հայ ժողովրդի կյանքում:
 
Երկուստեք ընդգծվել է երկկողմ միջպետական հարաբերությունների ընդլայնման պատրաստակամության մասին:
 

  • Կիսվել: