հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Libra Group-ի գործադիր նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Libra Group-ի գործադիր նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիա համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Libra Group-ի գործադիր նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։

«Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական և ներդրումային քաղաքականության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ երկիրը որդեգրել է կայուն զարգացման օրակարգ, որտեղ կարևոր դեր են ստանձնում նորարարական լուծումներն ու կանաչ էներգետիկան։

Քննարկվել են նաև ներդրումային ծրագրերի իրականացման և էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման հարցեր։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արևային էներգետիկ համակարգերի զարգացմանը և դրանց ներդրման հեռանկարներին Հայաստանի էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Ջորջ Լոգոթեթիսը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները՝ շեշտելով իր ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Նա վերահաստատել է Libra Group-ի պատրաստակամությունը՝ դիտարկել և զարգացնել համագործակցության ծրագրեր, որոնք կարող են նպաստել Հայաստանի տնտեսության և տեխնոլոգիական միջավայրի զարգացմանը։

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխշահավետ և երկարաժամկետ գործընկերության ձևավորումը, ինչը կնպաստի ինչպես Հայաստանի տնտեսության, այնպես էլ միջազգային գործընկերության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: