երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
«В принципе», որ Ազգային ժողով չլինի կամ երեք պատգամավորից բաղկացած լինի, շատ ավելի օպտիմալ կլինի. Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավորումը կրճատելու մասին

«В принципе», որ Ազգային ժողով չլինի կամ երեք պատգամավորից բաղկացած լինի, շատ ավելի օպտիմալ կլինի. Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավորումը կրճատելու մասին

Ազգային ժողովում մենք ունենք բյուջեի կրճատում, ի տարբերություն, օրինակ վարչապետի աշխատակազմի։ Հիմա հարցը հետևյալն է. ո՞նց է քաղաքական տեսանկյունից պատկերացնումը, երբ խորհրդարանական բնույթի կառավարում ունեցող երկրում կրճատում ենք Ազգային ժողովի ֆինանսավորումը: Այս մասին Ազգային ժողովում, 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հարցն ուղղելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

«Պետական վերահսկողության ծառայության պարագայում ասացիք ֆունկցիաների ավելացում է տեղի ունեցել, դրա համար բյուջետային հատկացումը ավելացվել է, հիմա ուզում եմ ասեք Ազգային ժողովում ֆունկցիոնալ ի՞նչ նվազումներ է տեղի ունեցել, որ ԱԺ-ի ֆինանսավորման նվազում ունենք: Պետք է ասեք՝ որտեղի՞ց եք այդ ֆինանսավորումը կրճատել, կարո՞ղ է Ազգային ժողովից եք կրճատել: Եթե էներգիայի պահպանման կանոնով ենք առաջնորդվում, այդ գործառույթը եղել է մեկ այլ մարմնի մոտ, հիմա տեղափոխել ենք ՊՎԾ, նոր ֆունկցիա է ի հայտ եկել, դա հնարավոր է նաև բնության մեջ: Եթե դա նոր ֆունկցիա է, դա մի բան է, եթե ֆունկցիան տեղափոխվել է մեկ այլ մարմնից, պետք է հասկանանք այդ մարմինը ինչքա՞ն բյուջե ուներ, այդ ֆունկցիայի համար և արդյո՞ք այդ բյուջեի համաչափությամբ ենք փոխանցում արել»,-նշել է նա:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, ասելով՝ ՊՎԾ-ում բյուջեն ավելացել է, որովհետև նոր ֆունկցիա է ավելացել, այդ ֆունկցիան տեղափոխվել է Ֆինանսների նախարարությունից և ֆինանսների նախարարությունում այդ չափով կրճատումներ են տեղի ունեցել։ 

«Ինչ վերաբերվում է ընդհանուր նվազմանը, ապա նվազում տեղի է ունեցել բոլոր մարմիններում։ Այլ հարց է, որ որոշ ուղղություններով ավելացումներ էլ են տեղի ունեցել, այսինքն՝ ապարատային ծախսերի նվազում է տեղի ունեցել, որովհետև նպատակ ունենք օպտիմիզացնել պետական կառավարման համակարգը, այսինքն՝ նույն արդյունքը կամ ավելի շատ արդյունք կարողանանք ստեղծել ավելի փոքր ռեսուրս ծախսելով, ո՞նց ենք մոտեցել այս հարցին, ճիշտ նույն ձևով, ինչ անցած տարի: Մենք հաշվել ենք, թե ամեն պետական մարմնում որքան գումար պետք է հատկացվի իր բնականոն գործունեությունը ապահովելու համար և կրճատել ենք 4%-ով»,-ասել է Ֆինանսների նախարարը։ 

Նա նշել է, որ հնարավոր են համարել 4% խնայողությամբ ապահովել գերատեսչությունների գործունեությունը՝ ավելի թիրախային և արդյունավետ ծախսելով:

Վլադիմիր Վարդանյանն արձագանքել է պատասխանին, կատակելով՝ «Ես մի տեղ էլ եմ լսել, որ ավելի քիչ ռեսուրսով, ավելի լավ արդյունքի հասնեն: «В принципе», որ Ազգային ժողով չլինի կամ երեք պատգամավորից բաղկացած լինի դիցուք, շատ ավելի օպտիմալ կլինի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետի աշխատակազմին 2026 թվականին բյուջեով ավելի շատ գումար կհատկացվի. նախագահինն ու ԱԺ-ինը կպակասի:

  • Կիսվել: