կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթը Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկով

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթը Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկով

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանն իր առաջին ելույթը Հայաստանի Ազգային ժողովում նվիրեց Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների և անհետ կորածների թեմային։

Նա ամբիոնին մոտեցավ ադրբեջանական բանտերում գտնվող հայերի լուսանկարներով շապիկով՝ ընդգծելով, որ հենց հանուն նրանց է եկել խորհրդարան։

Ըստ Ավետիսյանի, նա գիտակցաբար հրաժարվել է շնորհակալության և շնորհավորանքի ավանդական խոսքերից։

«Ես կարող էի սկսել իմ գործընկերներին ուղղված բարի մաղթանքներից կամ շնորհակալական խոսքերից այն մարդկանց, ովքեր մեզ ընտրել են։ Բայց եu դա չեմ անի։ Ես մոտեցա այս ամբիոնին, որպեսզի ասեմ այն, ինչի մասին մեր հասարակությունը ուզում է ճչալ, բայց չգիտի՝ ինչպես։ Ի՞նչ անել, որպեսզի այս ամոթի խարանը հավերժ չմնա հայ ժողովրդի ճակատին։ Ի՞նչ անել, որպեսզի Բաքվում գերության մեջ գտնվող հայորդիները վերադառնան տուն», — ասաց Ավետիսյանը։

Պատգամավորը հատ-հատ թվարկեց քաղաքացիական անձանց, զինծառայողների, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի անունները, ովքեր շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։

Նա ընդգծեց, որ նրանց ազատ արձակման հարցն անբաժանելի է խաղաղության մասին խոսակցություններից։

«Խոսել խաղաղության մասին և միևնույն ժամանակ չխոսել հայ գերիների շուտափույթ վերադարձի մասին նշանակում է չհասկանալ, որ հենց նրանց գտնվելը Բաքվի բանտերում փակում է իսկական և անկեղծ խաղաղության օրակարգը։ Քանի դեռ թեկուզ մեկ հայ գերի գտնվում է Բաքվում, անհնար է խոսել իսկական խաղաղության մասին։ Գերիների ազատ արձակումը խաղաղության խոչընդոտ չէ, այլ դրա կարևորագույն երաշխիքներից մեկը», — նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Ավետիսյանը կտրուկ քննադատեց Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ հայտարարելով, որ չի տեսնում հետևողական պետական ռազմավարություն Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ։

«Ցույց տվեք մեզ թեկուզ մեկ հստակ հանրային ռազմավարություն այս մարդկանց ազատ արձակման վերաբերյալ։ Ի՞նչ եք արել դուք՝ պարզելու համար, թե ինչու է կտրուկ վատթարացել Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը։ Պատասխանե՞լ եք արդյոք Ռուբեն Վարդանյանի կնոջ նամակին, որը խնդրում էր հնարավորություն ապահովել ընտանիքների համար՝ այցելելու իրենց հարազատներին Բաքվում։ Ցույց տվեք թեկուզ մեկ միջազգային հարթակ՝ Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ կամ ցանկացած այլ ձևաչափ, որտեղ այս հարցը հետևողականորեն, համառորեն և առանց բացառության ամեն անգամ բարձրացվել է ձեր կողմից», — ընդգծեց նա։

Պատգամավորը քննադատության ենթարկեց նաև հայտարարություններն այն մասին, թե իշխանությունները «լուռ աշխատում են» գերիների ազատ արձակման ուղղությամբ։

«Դուք սիրում եք կրկնել, թե իբր լուռ աշխատում եք գերիների հարցով։ Կարծես դիվանագիտությունը նշանակում է լիակատար լռություն և զրոյական արդյունք։ Բայց լռությունն առանց արդյունքի կոչվում է ոչ թե դիվանագիտություն, այլ անգործություն», — կարծում է Ավետիսյանը։

Ելույթի առանձին հատված պատգամավորը նվիրեց անհետ կորածներին՝ անորոշությունը, որում տարիներ շարունակ ապրում են նրանց ընտանիքները, անվանելով խոշտանգման ձևերից մեկը։

«Կան ընտանիքներ, որոնք տարիներ շարունակ ապրում են անհայտության մեջ՝ չիմանալով՝ արդյոք իրենց հարազատը ողջ է, գտնվում է գերության մեջ, թե զոհվել է։ Պետությունը պարտավոր է օգտագործել բոլոր հնարավոր դիվանագիտական, իրավական և մարդասիրական մեխանիզմները, որպեսզի այս մարդկանց վերադարձնի ճշմարտությունն ու արժանապատվությունը», — ասաց նա։

Ավետիսյանը նաև հայտարարեց, որ անընդունելի է համարում այն քաղաքականությունը, որը տանում է ազգային արժեքների արժեզրկմանը և ուղեկցվում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումներով։

«Դարեր շարունակ, երբ հայկական պետականությունը չկար, հենց Եկեղեցին է պահպանել մեր լեզուն, մեր գիրն ու մեր ինքնությունը։ Այսօր այս ինստիտուտի դեմ պետական արշավ է տարվում․ հոգևորականներին անհիմն ձերբակալում են, եպիսկոպոսներին հետապնդում, իսկ Եկեղեցին փորձում են ներկայացնել որպես հակապետական ուժ», — ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Ելույթն ավարտելով՝ նա ուղղակիորեն դիմեց ադրբեջանական բանտերում գտնվող հայերին։

«Բաքվի բանտում պահվող իմ հայրենակիցնե՛ր, իմացե՛ք․ ես կանգնած եմ այս ամբիոնի մոտ մեկ առաքելությամբ։ Քանի դեռ թեկուզ մեկ հայ մնում է Բաքվի բանտում, իմ ամբողջ պատգամավորական գործունեությունը նվիրված է լինելու նրան տուն վերադարձնելուն։ Քանի դեռ թեկուզ մեկ ընտանիք սպասում է իր հարազատի ճակատագրի մասին պատասխանի, իմ ձայնն այս ամբիոնից չի լռելու», — նշեց Սյուզաննա Ավետիսյանը։

  • Կիսվել: