«Ուժեղ Հայաստան»-ը դեռևս չի քննարկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի հարցը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դեռևս չի որոշել, թե Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում ով է լինելու Ազգային ժողովի փոխնախագահի իրենց թեկնածուն։
Հիշեցնենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ Ազգային ժողովի նախագահն ունի երեք տեղակալ, որոնցից երկուսը իշխող խմբակցությունից են, մեկը՝ ընդդիմադիր ամենամեծ ուժից։ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում ընդդիմադիր ամենամեծ ուժը «Ուժեղ Հայաստան» դաշինքն է։
Հուլիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե արդեն որոշե՞լ են ով է լինելու ԱԺ նախագահի տեղակալի իրենց թեկնածուն, նշել է.
«Այդ հարցը մենք դեռ չենք քննարկել։ Շուտով քննարկելու ենք»։
Մամուլում տարբեր անուններ են շրջանառվում՝ որպես «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածուներ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում։ Մասնավորապես, շրջանառվել են Արամ Վարդևանյանի և Էդգար Ղազարյանի անունները։



