կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ում կտան ընտրողները քվեն հունիսի 7-ի ընտրություններում. IRI-ի հարցման արդյունքները

Ում կտան ընտրողները քվեն հունիսի 7-ի ընտրություններում. IRI-ի հարցման արդյունքները

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման արդյունքներով Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չունի։

IRI-ը հարցումն իրականացրել է հեռախոսազանգի միջոցով՝ մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1511 մարդ։ Արձագանքման մակարդակը (response rate) կազմել է 16%:

Առաջատար է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ում կտայիք ձեր ձայնը հարցին ստացվել են սպոնտան հետևյալ պատասխանները.

  • «Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)՝ 32%,

  • «Ուժեղ Հայաստան»  (Սամվել Կարապետյան)՝ 6%,

  • «Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան)՝ 3%,

  • «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» (Գուրգեն Սիմոնյան)` 2%։

Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան», «Բոլորին դեմ եմ» և Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցություններն ունեն 1-ական տոկոս։

Չկողմնորոշվածների թիվը 23% է, իսկ պատասխանել հրաժարվածներինը՝ 21%։

Ընտրությանը մասնակցել պատրաստվողների թիվը IRI-ի նախորդ՝ փետրվարյան հարցման 84%-ից աճել է մինչև 92%: Ուշագրավ է, որ որքան բարձր տարիքային խմբերն ավելի հակված են քվեարկելու, քան երիտասարդները։ 56 տարեկան և ավելի հարցվածների մոտ 98 տոկոսը պատրաստ է քվեարկել, մինչդեռ 18-35 տարեկանների 88 տոկոսն է պատրաստ քվեարկել։

Հարցվածների մեծ մասը՝ 40%-ը նշել է, որ ոչ մի քաղաքական գործչի չի վստահում։ Անհատական վստահության ցուցանիշով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է (27%), որին հաջորդում է Սամվել Կարապետյանը (6%)։ 

Հարցվածների 61%-ը կարծում է, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ։

Որպես երկրի առջև ծառացած գլխավոր խնդիրներ նշվել են ազգային անվտանգությունը և սահմանային հարցերը (17%), տնտեսությունը և գործազրկությունն (15%) ու խաղաղության բացակայությունը (12%)։

Հարցվածների 49%-ը տոկոսը նշել է, որ շատ գոհ է Զինված ուժերի, 40%-ը Հայ Առաքելական Եկեղեցու և 35%-ը՝ մարզպետարանների աշխատանքից։

Հայաստանի համար ամենակարևոր քաղաքական գործընկեր է համարվում Ֆրանսիան (39%), որին հաջորդում են Ռուսաստանը (35%) և Եվրոպական միությունը (34%)։  Փետրվարի հարցմամբ՝ Ֆրանսիան որպես կարևոր գործընկեր դիտարկել էր հարցվածների 27%-ը, Ռուսաստանը՝ 43%-ը, ԵՄ-ն՝ 29%-ը։ Այսինքն՝ Ռուաստանի դեպքում վստահության նվազում է գրանցվել, Ֆրանսիայի ու ԵՄ-ի դեպքում՝ աճ։

Որպես հիմնական քաղաքական սպառնալիք նշվել են Ադրբեջանը (73%) և Թուրքիան (58%)։

Ադրբեջանի որպես հիմնական սպառնալիք ընկալումը նվազել է՝ 2023-ից սկսած։ Եթե 2023-ի մարտին այն 93% էր, ապա 2026-ի փետրվարին դարձել է 80%, մայիսին՝ 73%։ Թուրքիայի դեպքում ևս նվազել է․ 2023-ին այն կազմել է 89%, այս տարվա փետրվարին՝ 69%, մայիսին՝ 58%:

Ռուսաստանը սպառնալիք դիտարկողների թիվն աճել է․ 2026-ի փետրվարին հարցվածների 29%-ն է այն դիտարկել որպես սպառնալիք, մայիսին՝ 32%-ը։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 75%-ը, կողմ է Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրոպական միությանը։

  • Կիսվել: