երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան

Շարունակել ենք Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը, մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում ունենք, և ակնհայտորեն արդեն ժամանակն է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ: Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ նշեց՝ այստեղ ևս մեր առաջնային ջանքերը և նպատակներն ուղղված են եղել մեր անմիջական հարևանությանը և հարաբերությունների զարգացմանը, ընդգծեց՝ Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները կարողացել են խորացնել:

Միրզոյանն ընդգծեց՝ Իրանի հետ հարաբերություններում, առաջին հերթին՝ տնտեսական ուղղությամբ, էական ձեռքբերումներ ենք ունեցել, գործուն քայլեր կատարել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները թերևս ամենաթափանցիկն են: Ըստ էության, հանրությունը և դուք ամենայն մանրամասնությամբ տեղյակ եք գործընթացներին»,- նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է եվրոպական առանձին երկրների հետ մեր հարաբերություններին՝ նկատեց՝ նշանակալի ակտիվացում ունենք: Նախարարը հիշատակեց Մեծ Բրիտանիա այցը և ռազմավարական երկխոսության մեկնարկը ՄԹ-ի հետ:

Մյուս ակտիվ ուղղությունների թվում Միրզոյանը հիշատակեց Մերձավոր Արևելքը, շատ չմանրամասնելով հիշեցրեց՝ մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել Սաուդյան Արաբիայի, Բոտսվանայի, Տրինիդադ և Տոբագոյի հետ:

Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին՝ նախարարն ասաց՝ չի դադարի կրկնել՝ սա մի ջանք էր և նպատակ, որի շուրջ հայ դիվանագիտությունը տասնամյակներով աշխատանք է տարել և վերջնարդյունք չի եղել:

2023-ին Հայաստանը շատ ակտիվորեն շարունակել է և զարգացրել հարաբերությունները Հնդկաստանի, Չինաստանի հետ:

Ինչ վերաբերում է բազմակողմ ձևաչափին՝ նախարարը նկատեց՝ մենք ակտիվ ներգրավվածություն ենք պահել միջազգային մի շարք հարթակներում՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ, ՅՈՒՆԵՍԿՕ:

«Շատ կարևոոր է, որ 2023-ին Հայաստանը հաղթել է բոլոր այն հինգ ընտրություններում, որտեղ իր թեկնածությունն առաջադրել է»,- հայտնեց նախարարը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, հիշեցրեց՝ Հայաստանն ըստ էության սառեցրել է իր մասնակցությունը:

«Նոր զարգացումներ այստեղ, մեծ հաշվով, չկան 2023 թվականի մասով»,- ասաց Արարատ Միրզոյանը:

2023-ին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունեցել է 182 պետության հետ:

Ինչ վերաբերում է 2024-ի անելիքներին, նախարարը հիշեցրեց՝ արդեն ընդունվել են կառավարության որոշումներ Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու, Կիպրոսում դեսպանություն հիմնելու և Սերբիայում դիվանագիտական գրասենյակ բացելու վերաբերյալ:

  • Կիսվել: