շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Թուրքիան, սերտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

Թուրքիան, սերտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը գտնվում է անկայուն տարածաշրջանում՝ անվտանգության բազմաթիվ ռիսկերով և մարտահրավերներով: Այս մասին Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում՝  ISPI ուղեղային կենտրոնում,  «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը իր ելույթում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հարավային Կովկասում դեռևս առկա են չկարգավորված հակամարտություններ, որոնք հանգեցնում են շարունակական լարվածության, սպառազինությունների մրցավազքի և ատելության քաղաքականության:
Բեռլինի պատի անկումից 30 տարի անց Հայաստանի չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները, փակ են մնացել շուրջ երեք տասնամյակ: Հրաժարվելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և սերտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի` Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար, ովքեր Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը և տակավին ականատեսն են ճշմարտության և արդարության կատաղի ժխտման:»,- ասաց վարչապետը։

Խոսելով հայ-իրանական և հայ- վրացական սահմանների մասին էլ  Նիկոլ փաշինյանն ասաց, որ չնայած մեր բարեկամների՝ Վրաստանի և Իրանի հետ երկու սահմանները բաց են, սակայն տնտեսական արդյունավետության առումով դրանք կարելի է համարել միայն կիսաբաց:

« Մեր մյուս երկու հարևաններից եկող արտաքին քաղաքական մարտահրավերները սահմանափակում են մեր արտաքին տնտեսական հարաբերությունների ներուժը և խոչընդոտում են տարածաշրջանային լայնածավալ համագործակցության հնարավորությունները:»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

  • Կիսվել: