«Թրամփի ուղու» շուրջ դետալները հստակեցվելու են ՀՀ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև շփումների միջոցով. Միրզոյան
««Թրամփի ուղու» շուրջ դետալները հստակեցվելու են Հայաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Իսկ ադրբեջանական կողմի հետ կան ընդհանուր պատկերացումներ և դրանք արտահայտված են ստորագրված վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ ամրագրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկու երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության, իրավազորության ներքո անխոչընդոտ, փոխադարձ առավելություններով»,-ասաց նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ նախաստորագրելու պահին, դրանից առաջ, երբ տեքստը համաձայնեցված էր մարտի կեսերին, հայտարարել են, որ պատրաստ են րոպե առաջ սկսել ստորագրման տեղի ու վայրի վերաբերյալ խորհրդակցությունները․ «Հիմա էլ պատրաստ ենք»։
Հարցին՝ ինչու՞ «անխոչընդոտ» ձևակերպումը չի օգտագործվել նաև հայկական կողմի համար, Միրոզյանը պատասխանեց. «Իմաստ ունի՞ նույն հարցը 50 հազար անգամ տալ, այդ հարցին այնքան ենք պատասխանել, նույն բանն է, գրված է անխոչընդոտ, փոխադարձ առավելություն: Տասնյակ կոնվենցիաներ ու միջազգային փաստաթղթեր կան, որտեղ այդ նույն անխոչընդոտի վերաբերյալ Հայաստանը ունի պարտավորություններ, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ»:
Անդրադառնալով Ալիևի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, Արարատ Միրզոյանը նշեց, որ Ալիևը «լավ չի անում»:


