չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Թող մի քիչ հանգստանա. Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել. Փաշինյան

Թող մի քիչ հանգստանա. Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել. Փաշինյան

Արմեն Աբազյանը իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020–ի նոյեմբերից։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պատճառով է աշխատանքից ազատվել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

«Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ։ Ես կարծում եմ՝ նա արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա, որովհետեւ այս 5 տարի լարված պայմաններում աշխատել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Կարծում եմ՝ հեշտ չի»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք դա կապ ունի երեկ գործարար Սամվել Կարապետյանի տան շուրջ տեղի ունեցածի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Ձեր նշած հանգամանքների հետ... ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ։ Իսկ ընդհանրապես ԱԱԾ տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն, ինչ վերաբերում է ազգային անվտանգությանը, այդ թվում հիբրիդային անվտանգությանը»։

Ինչ վերաբերում է հարցին,  թե Աբազյանը հրաժարվել է որեւէ հանձնարարություն կատարե՞լ, վարչապետն ասաց. «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։

  • Կիսվել: