Թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը «նայում են նույն ուղղությամբ». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասում շուտով խաղաղություն կտիրի:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, ասել է. «Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կգտնի այն խաղաղությունը, որին այդքան երկար է ձգտում էր»:
Էրդողանը հավելել է, որ Սպիտակ տանը համաձայնագրերի ստորագրումը զգալի խթան է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, կողմերը հաղթահարել են իրենց տարաձայնությունների մեծ մասը և մոտենում են խաղաղության համաձայնագրի վերջնական փուլին։
Նա ասել է նաև, որ մանրամասն բանակցություններ է վարել ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով, որ երկու առաջնորդներն էլ «նայում են նույն ուղղությամբ»։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ «Իլհամ Ալիևը Զանգեզուրի միջանցքի հարցում ավելի մեծ վստահություն է ցուցաբերում»։
Էրդողանը վստահ է, որ խաղաղության հասնելը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար. կվերսկսվեն երկաթուղային և ճանապարհային կապերը, կբացվեն սահմանային անցակետերը, ինչը դրական ազդեցություն կունենա, առաջին հերթին, առևտրի վրա։
Նա հավելել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ նաև Թուրքիան, կշահեն դրանից։
«Ժամանակի ընթացքում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը կհասկանան, որ իրենց վախերն անտեղի էին»,- եզրափակել է Էրդողանը։


