Թե՛ մեր ռուս գործընկերները, և թե՛ ցանկացած այլ երկիր կամ միջազգային դերակատար պետք է հարգեն Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը. Միրզոյան
Խաղաղության հաստատման և Վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով մենք լսեցինք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջունող հայտարարությունները։ Այս մասին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը որևէ դեր շարունակու՞մ է խաղալ Հայաստանի անվտանգության հարցում, թե՞ այլևս չունի այն նույն նշանակությունը, ինչ ուներ, օրինակ, 15 տարի առաջ։
՛՛Նույն պաշտոնական մակարդակում մենք տեսանք նաև Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների արտահայտած պատրաստակամությունն՝ աջակցելու այս փոխկապակցվածության նախագծին և որոշակի մասնակցություն ցուցաբերելու։ Սակայն, իհարկե, չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության՝ Հայաստանի կառավարության և մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին՛՛,-նշել է Միրզոյանը:
Հարցին, թե լավ չէ՞ տեսնել, թե ինչպես է Հայաստանը զարգանում Արևմուտքի հետ և մերձենում Եվրոպային՝ նա արձագանքել է, որ գուցե այդ հարցը ճիշտ կլինի ուղղել ռուսաստանյան հյուրերին, եթե լինեն այդպիսիք:
՛՛Սակայն առանց խորանալու պատճառների մեջ, այդ պատճառները կարող են լինել և՛ պարզ, և՛ բավական բարդ, ամեն դեպքում, ես վստահ եմ, որ թե՛ մեր ռուս գործընկերները, և թե՛ ցանկացած այլ երկիր կամ միջազգային դերակատար պետք է հարգեն Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը։ Հայաստանում պարբերաբար անցկացվում են ժողովրդավարական ընտրություններ, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերն ու տեսակետները կարևորագույն հարցերի շուրջ, և վերջնական որոշումը կայացնում են Հայաստանի քաղաքացիները։ Մեր քաղաքական ուժը՝ մեր վարչապետի ղեկավարությամբ, ստացել է ընտրողների մեծամասնության վստահությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրի ներքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում։ Այս տարի ևս մի շարք սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել, իսկ 2026 թվականի հունիսին կրկին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Կտեսնեք՛՛,-նշել է Միրզոյանը:


