երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թե ինչ կատարվեց, չենք հասկանում, ԱԱԾ տնօրենի տեղակալ

Թե ինչ կատարվեց, չենք հասկանում, ԱԱԾ տնօրենի տեղակալ

2 տարի աշխատել ենք, պարկեշտ մարդ, ազնիվ մարդ, կիրթ մարդ, թե ինչ կատարվեց, չենք հասկանում, մարմինները կպարզեն։ Չցանակալալով մեկնաբանել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը՝ ասաց ԱԱԾ  տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը։

«Չեմ կարող մեկնաբանել, դուք գիտեք` ինչ տեղի ունեցավ, առանց մեկնաբանության սգում ենք:»,-ասաց նա:

Հարցին թե արդյոք ԱԱԾ նախկին տնօրենը ինքնասպանության  հակված մարդ էր, Արամ Հակոբյանը նշեց, որ անհնար է դա ասել եւ այդ ամենը կպարզեն քննչական մարմինները։

Հետաքրքրվեցինք նաև, արդյոք այս դեպքերը կապված են «Մարտի 1-ի» գործով դատավարության եւ այլ գործերի հետ, նա ասաց, որ չի կարծում. «Կոնկրետ Կուտոյանի հետ ոչ մի հարց չկա, որովհետեւ իրեն ոչ մի անգամ ոչ կանչել են, ոչ էլ էդ հարցերում մասնակցել է: Ինքը շատ ազնիվ, պարկեշտ մարդ է եղել ե՛ւ իր աշխատանքում, ե՛ւ դրսում, եթե ինչ-որ մի բան եղել է, իհարկե, կբացահայտվի»:

Հիշեցնենք՝  հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: