հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ճառագայթման նվազագույն մակարդակ ունեցող ռենտգեն սարք` Թոքաբանության ազգային կենտրոնում

Ճառագայթման նվազագույն մակարդակ ունեցող ռենտգեն սարք` Թոքաբանության ազգային կենտրոնում

ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի արհեստական բանականության ծրագրային փաթեթով օժտված ճապոնական արտադրության «Fujifilm FDR Xair» շարժական ռենտգեն սարքավորումը պատրաստ է գործարկման:

Ընդամենը 3.5 կգ քաշ և 450 Վտ հզորություն ունեցող սարքն առաջինն է Հայաստանում և ի տարբերություն այլ ախտորոշիչ ռենտգեն սարքավորումների` ինքն է «հասնում» պացիենտին: Սարքը նախատեսված է ոչ միայն թոքաբանական պաթոլոգիա ունեցողներին ախտորոշելու համար, այլև կարող է օգտագործվել որովայնային հետազոտությունների մեջ, ոսկրային համակարգի, մասնավորապես` վերջույթների վնասվածքների ախտորոշման նպատակով: 

Այն ձեռք է բերվել ՀՀ առողջապահության նախարարության «Գլոբալ» հիմնադրամի աջակցությամբ` ի նպաստ տուբերկուլոզի ազգային ծրագրի և բուժսպասարկման ոլորտի հագեցվածության ու արդյունավետության բարձրացման:

Առավելություններից ամենակարևորն այն է, որ սարքն ունի նվազագույն ճառագայթում. սարքից 2 մետր հեռավորության դեպքում ճառագայթումը հավասար է զրոյի: Նորագույն ռենտգեն սարքը հնարավորություն է տալիս արագ, որակյալ հետազոտություններ իրականացնել, միաժամանակ, տեղում վերծանել տուբերկուլոզային հիվանդության կասկածելի դեպքերը: 

Այն նախատեսված է լայնամասշտաբ սքրինինգային հետազոտություններ անցկացնելու համար և, ի տարբերություն ֆլուորոգրաֆիկ հետազոտության այլ միջոցների, ունի բարձր թողունակություն, կադրային քիչ ներգրավվածություն, քիչ ծախսատար է և տեղափոխումը հեռավոր շրջաններ` անկախ եղանակային պայմաններից, իրատեսական է ու արդյունավետ:

 
 

  • Կիսվել: