չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Տարիներ շարունակ պետբյուջեից վճարվել են պաշտոնյաներ, նրանց մասին վատ վերնագրերով հոդվածներ չգրեն. պատգամավոր

Տարիներ շարունակ պետբյուջեից վճարվել են պաշտոնյաներ, նրանց մասին վատ վերնագրերով հոդվածներ չգրեն. պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյան այսօր խորհրդարանում անդրադարձավ ԶԼՄ-ներին։ Նրա ելույթն ուներ հետևյալ խորագիրը՝ «Զանգվածային լրատվական միջոցներ, մեդիա գրագիտություն կամ դրա բացակայության հետևանքները մեր երկրում»։

Պատգամավորը նշեց, որ նախկինում Հայաստանում բավականին բացասական մի պրակտիկա է գործել՝ իշխանություններ-ԶԼՄ-ներ փոխհարաբերությունների համատեքստում։

«Մոտավորապես, որ նկարագրեմ այդ մեխանիզմը, կունենա հետևյալ տեսքը։ Առանձին գերատեսչություններ ունեին գործընկերներ, որոնք լուսաբանում էին պաշտոնյաների կատարած աշխատանքը, նրանց գործունեությունը։ Եւ սրա համար նախարարությունները գումար էին վճարում այդ գործընկերներին։ Նրանց կբաժանեմ երկու մասի։ Առաջինը, որոնք պրոֆեսիոնալ կերպով կատարում էին իրենց աշխատանքը և լուսաբանում տվյալ նախարարի կատարած աշխատանքը, երկրորդ՝ ԶԼՄ-ներ, որոնք պետական բյուջեից գումար էին ստանում լռության դիմաց։ Սա հստակ մշակված տարիներ շարունակ գործող պրակտիկա է եղել մեր երկրում, կարող եմ ասել բավականին արդարացված»,- նշեց պատգամավորը։

Մխիթար Հայրապետյանի խոսքով, 2018-ին Սփյուռքի նախարարի պաշտոնում նշանակվելու երրորդ օրը հանձնարարել է, որ կատարվի վերլուծություն, որից հետո որոշում է կայացրել՝ երկրորդ խմբի լրատվամիջոցների հետ հանագործակցություն իր ղեկավարած գերատեսչությունը չպետք է ունենա։

 Ինչպես ես, այնպես էլ իմ թիմից մի շարք պաշտոնյաններ հրաժարվել են այս պրակտիկայից։ Փաստորեն տարիներ շարունակ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել են առանձին պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, որպեսզի այս կամ այն լրատվական միջոցը վատ վերնագրերով, վատ բովանդակությամբ հոդվածներ չգրեն տվյալ պաշտոնյանի կամ նրա մերձավորների մասին»,- ասաց պատգամավորը։

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ մոտ 35-40 հազար դրամ վճարվել է երկու պարբերություն ունեցող հոդվածի համար, որը մամուլի հաղորդագրություն ուղարկելու պարագայում լրատվականները հրապարակում էին և այսօր էլ դրանք լուսաբանվում են։ Ըստ նրա, այդ ժամանակաատվածում տվյալ պաշտոնյայի մասին որևէ բացասական հոդված, հրապարակում չի եղել, ուստի պարզ է, թե ինչու են հրաժարվել այդ պրակտիկայից։

«Եթե հետհայացք գցեք, ապա կտեսնեք, թե որ պաշտոնյաններն են հրաժարվել այդ պրակտիկայից։ Մարդիկ, որոնք առավոտից գիշեր, 15-20 լրատվամիջոցների կողմից թիրախավորվել են, անխնա քննադատվել են, նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ ստահոդ լուրեր են շրջանառվել»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը նույնպես եղել է տվյալ ԶԼՄ-ների թիրախում։

Մխիթար Հայրապետյանի խոսքով, այսօր էլ իրեն, իր թիմին անողոք և դաժանաբար քննադատում են, քանի որ առանձին լրատվամիջոցներ մեծապես տուժել են իրենց որդեգրած քաղաքականությունից։

Նա նաև նշեց, որ Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել հասարակության մեդիագրագիտությունը: Դրան, ըստ նրա, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել:

Նրա խոսքով, եթե մեդիագրագիտություն չլինի, ապա ՀՀ քաղաքացիներն ամեն ժամ մանիպուլյացիաների և խաբեության վտանգի տակ կլինեն:

«Պետությունը հանրության հետ աշխատելու այլընտրանք չունի: Հենց մեդիագրագիտությունը կլուծի այն խնդիրը, որին բախվում է ՀՀ քաղաքացին: Մենք պետք է այնպիսի կրթված հասարակություն ունենանք, որը հստակ կտարանջատի, թե որն է սուտն ու կեղծիքը, որն է առողջ և հիմնավորված քննադատությունը»,- նշեց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ դրա համար բարեփոխումներ են անհրաժեշտ։

Պատգամավորը նաև ասաց, որ իշխանությունները, այնուամենայնիվ, չեն պատրաստվում դադարեցնել դրանց գործունեությունը:

«Հայաստանում չի կարող այնպիսի կառավարություն լինել, որը որևէ կայք կփակի, բայց լրատվամիջոցների բնագավառում պետք է նոր արդյունավետ մեխանիզմներ լինեն, որոնք հավասար և արդար են բոլորի համար»,- ընդգծեց Մխիթար Հայրապետյանը՝  հավելելով, որ պետք է օրենսդրական փոփոխություններ մշակվեն «ԶԼՄ-ների մասին» օրենքում:

  • Կիսվել: