երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել, սցենարների մասին կոնկրետ համաձայնություն չկա. Փաշինյան

Տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել, սցենարների մասին կոնկրետ համաձայնություն չկա. Փաշինյան

Ես Արծվաշենը վերադարձնելու մասին գրառում արել եմ, քանի որ չեմ կարող այդպիսի գրառում չանել։ Չի կարող ՀՀ որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել ՀՀ ինքնիշխան տարածքից, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից։ Այս մասին՝ ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյան։ 

«Ինչ վերաբերվում է սցենարներին, ապա դրա ճանապարհը սահմանազատումն է, սահմանազատման գործընթացը։ Մենք արդեն մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք և ուժային որևէ սցենար բացառում։ 

Նախ սահմանազատման արդյունքում պետք է արձանագրվի, թե ինչ պետք է տեղի ունենա սահմանազատման արդյունքում։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը, երբ որ տարածքային ամբողջականության ուրվագիծը վերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները և վարիացիաները կքննարկվեն: 

Հիմա օրինակ քննարկվում է, որ նույն Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ. որևէ մեկը չի կարող այդ սցենարի գնալ՝ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ 

Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել, ընդ որում՝ դա իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ, այս պահի դրությամբ։ Նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի՝ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության՝ դա չի կարող պարզապես տեղի ունենալ։ 

Իմիջիայլոց, իմ ասածի մեջ որևէ նոր էլեմենտ չի ավելացել, իմ ասածը ամբողջությամբ տեղավորվում է նախկինում իմ ասածների մեջ»։

  • Կիսվել: