ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ․ Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը միանշանակ ձեռնտու կլինի Հայաստանի համար:

Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

«Նրանք, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալում, կարող են ասել, թե կոմունիկացիաների՝ երկաթուղու, ճանապարհների առկայությունը ինչքան շատ բան է փոխում: Մենք վերջերս հետազոտություն ենք անցկացրել պարենամթերքի գների վերաբերյալ, որը ցույց է տվել, որ Հայաստանում սննդամթերքը միջինում ավելի թանկ է, քան շատ երկրներում:  Եվ, երբ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, գալիս ու հասնում ենք տրանսպորտի խնդրին, որն այսօր ավելի է սրվել: Դուք գիտեք, որ մինչև Ուկրաինայի շուրջ դեպքերը տրանսպորտի գներն արդեն թանկացել էին: Դրա հետևանքով բիզնեսի համար էլ են դժվարություններ առաջանում, բայց այս ամենից առաջին հերթին տուժում են սպառող քաղաքացիները»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ: «Ինչպես, օրինակ, Վրաստանից և Իրանից Հայաստան կարող են մուտք գործել և դուրս գալ տրանսպորտային միջոցներ, մենք դեմ չենք, որ նույնը տեղի ունենա Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այս հարցի շուրջ դեռևս չի հաջողվել վերջնական համաձայնության գալ: Դա կապված է որոշ իրավական կարգավորումների հետ, որտեղ մեր տեսակետները դեռ վերջնականորեն չեն համընկել: Բայց ես ուզում եմ շատ հստակ ասել, որ այս հարցում հստակ համաձայնության գալուց հետո մենք շատ արագ երթուղիների և ճանապարհների բացման հարցը կլուծենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: