հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել. Միրզոյան

Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, ինչպես նաև սահմանազատման թեմաներին:

«Ընդգծել ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել, այդ թվում՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը:

2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված է այս գործընթացի հստակ շրջանակը, և հուսով ենք, որ փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի վերջին նիստը տեղի ունեցավ վերջերս Մոսկվայում, իր դրական արդյունքները կգրանցի:

Մենք գոհունակություն ենք հայտնել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել վերջինիս արդյունավետ գործունեության առնչությամբ»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ արդեն իսկ հայտարարվել է՝ այս ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում:

«Ակնկալում ենք, որ ռուսական կողմն իր խորհրդատվական աջակցությունը կցուցաբերի այս գործընթացին՝ համաձայն 2021 թ. նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությամբ արձանագրված պայմանավորվածության»,- ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: