չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետ Հայկ Ղալումյանին

Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետ Հայկ Ղալումյանին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին:
 
Հանդիպմանը ներկա էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ:
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին իր պաշտոնավարման ընթացքում մարզի զարգացմանն ուղղված ավանդի և հատկապես՝ պատերազմական և հետպատերազմական շրջանում սահմանամերձ մարզի առջև ծառացած մարտահրավերների լուծմանն ուղղված գործուն ջանքերի համար։
Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Հայկ Չոբանյանին նույնպիսի կարևորություն ունեցող կառավարման ոլորտում ստանձնած աշխատանքներում։
 
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է պետության համար այս բարդ ժամանակներում պետական կառավարման բոլոր օղակների համագործակցված և փոխվստահության վրա հիմնված աշխատանքը։ «Մեր պետականության առջև ծառացած խնդիրները ստիպում են մեզ դառնալ ավելի ամուր և տոկուն։ Միայն տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր օղակների համակարգված և համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք լուծել այդ խնդիրները։ Այս ճանապարհին մենք դեռ շատ անելիքներ ունենք, որոնց համար մեզ պետք է աշխատասիրություն, բարձր պատասխանատվություն և կամք»,- նշել է նա։
 
Շնորհավորելով մարզպետ Հայկ Ղալումյանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Իջևանի քաղաքապետի պաշտոնում իրականացրած աշխատանքների համար և վստահություն հայտնել, որ ՏԻ համակարգում կառավարման փորձը և մարզում արդեն իսկ ստեղծված ձեռքբերումները լավ նախադրյալներ են հետագա արդյունավետ աշխատանքների համար։ «Տավուշի մարզին ծառայությունը ծառայություն է սահմանում»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը և նորանշանակ մարզպետին մաղթել հաջողություններ:
 
ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը, բարձր գնահատելով 2 տարվա ընթացքում մարզում կատարված աշխատանքները, նոր ձեռքբերումներ է մաղթել մարզին՝ նորանշանակ մարզպետի գլխավորությամբ:
 
Մարզպետ Հայկ Ղալումյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ տեղեկացված է մարզի խնդիրներից և համոզված է, որ դրանք համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանան հաղթահարել։

  • Կիսվել: