հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ստվերի դեմ պայքարը հնարավոր է, եթե խանութից դուրս եկող և ՀԴՄ կտրոն չունեցող քաղաքացին նույնպես տուգանվի. Աղազարյան

Ստվերի դեմ պայքարը հնարավոր է, եթե խանութից դուրս եկող և ՀԴՄ կտրոն չունեցող քաղաքացին նույնպես տուգանվի. Աղազարյան

Ստվերի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է, մասնավորապես, եթե մենք օրենք ընդունենք, որ երբ քաղաքացին դուրս է գալիս առևտրի կենտրոնից և չունի ՀԴՄ կտրոն, նույնպես տուգանվի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12–ին, ԱԺ–ում ՊԵԿ–ի տարեկան զեկույցի լսումների ժամանակ ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Ըստ նրա՝ մարդիկ ուզում են թաքցնել իրենց եկամուտները, որովհետեւ երբ մի տնտեսվարող տեսնում է, որ իր հարևան մրցակիցը թաքցնում է իր շրջանառությունը, ինքն էլ է թաքցնում և այդ շղթան շարունակական գնում է։

Անդրադառնալով տնտեսությանը, Աղազարյանը նշեց. «Գարնանը, երբ քննարկում էինք 2024–ի բյուջեի կատարողականը, այնտեղ նշվեց, որ տնտեսական աճը 5.9% է, բայց դրան զուգահեռ տեղի է ունեցել մի հատ ուրիշ ցուցանիշի անկում, ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը իջել էր 3.5%։ Հետևաբար այդ քննարկումների ժամանակ ակնհայտ էր դառնում, որ տնտեսության աճը, որ ասում էիք 5.9%, այնտեղ ինչ-որ փուչիկանման բան կար։ Ասում էինք, որ ՀՆԱ-ն ուռճացված է։

Տնտեսության վիճակը նկարագրելու համար ՀՆԱ-ն մի կողմից և ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը մյուս կողմից շատ կարևոր բնութագրիչ են, և ես այն ժամանակ մի հատ հաշվարկ ներկայացրեցի, որ իրականում մեր տնտեսական աճը ոչ թե 5.9% էր, այլ 3.7%։ Ես ասացի, որ ՀՆԱ–ի մեջ մի հավելված էլեմենտ կա, փրփուրի նման, որը ինքը ինքնով արդյունք չի տալիս։

Հիմա այս տարի էլ ասում են, որ արտաքին առևտրաշրջանառությունը էական անկում է ապրել, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան ասում է՝ դե այդ անկումը պայմանավորված է նրանով, որ անցած տարվա տնտեսության աճի մեջ կար մի հատ էլեմենտ, կարծեմ ոսկու հետ կապված գործառույթները, որ իր մեջ չէր պարունակում էական, այսպես կոչված, սերուցք, և հետևաբար հիմա ընդամենը դա է պակասել, դա մեր համար վնասակար չի»«–ասաց նա։

Աղազարյանը համոզմունք հայտնեց, որ չենք հասնի նախատեսված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 25 տոկոս ցուցանիշին։ «Եվ այդ ժամանակ հետաքրքիր կլինի լսել և՛ էկոնոմիկայի նախարարի պարզաբանումները, և՛ ընդհանրապես ոլորտի պատասխանատուների պարզաբանումները»։

  • Կիսվել: