ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Ստում են, ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, այնտեղ 5 ամիս հետազոտություն եմ արել, որը կիսատ եմ թողել. Ռուբինյան

Ստում են, ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, այնտեղ 5 ամիս հետազոտություն եմ արել, որը կիսատ եմ թողել. Ռուբինյան

Նույն ձև ես ստացել եմ շնորհավորանքներ նաև Ռուսաստանից և այլ տեղերից. Ռուսաստանից իմ գործընկերն ինձ գրել ու շնորհավորել է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը դեռ ԱԺ նախագահ չի ընտրվել, սակայն Թուրքիայից իր գործընկեր Սերդար Քըլըչը հրապարակավ շնորհավորել է։

«Կամ ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին։ Ուրեմն Վրաստանի վարչապետի հրահանգո՞վ է Նիկոլ Փաշինյանը հաղթել ընտրություններում։ Նկատի ունեմ՝ այդ ապուշությունները, իհարկե, կարելի է ասել, բայց դրանք պիտի հիմք ունենան, հասկանու՞մ եք։ Ես Էս նույն խոսակցությունները ուղիղ հինգ տարի առաջ են եղել, երբ Սերժ Սարգսյանի խմբակցությունը եկավ, երբ որ ես Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու էի, Էլի եկան, այդ տխմար հարցերը սկսեցին տալ։ Հիմա որտե՞ղ է Սերժ Սարգսյանի խմբակցությունը՝ ոչ մի տեղ քաղաքականապես։ Նույնը սպասվում է ուժեղ Հայաստանին, եթե իրենք որոշեն գնալ այդ նույն ճանապարհով։

Ես լսել եմ այդ հիմարությունները, որ ասում են՝ ահա քանի որ Ռուբեն Ռուբինյանը բանակցող է Թուրքիայի հետ, ուրեմն, իրեն ընտրել են Ազգային ժողովի նախագահի թեկնածու, որպես ժեստ Թուրքիային։

Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել և ընտրվելու դեպքում, ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։ Հետևաբար այն իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում է, որ ինձ ընտրելու են Ազգային ժողովի նախագահ որպեսզի ԱԺ նախագահը բանակցի Թուրքիայի հետ։

Հաջորդը, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, որովհետև Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից։ Հայաստանի ժողովուրդն է, որ օրինակ վարչապետ Փաշինյանին ընտրել են վարչապետ՝ ընտրելով ՔՊ–ին։ Հայաստանի ժողովուրդն է, որ Ալեն Սիմոնյանին 2021 թվականին ընտրել է Ազգային ժողովի նախագահ, միջնորդավորված, որովհետև ընտրել է ՔՊ–ին, ՔՊ–ն էլ պարոն Սիմոնյանին ընտրել է ԱԺ նախագահը։ Հիմա Հայաստանի ժողովուրդն է, որ լիազորել է ՔՊ–ին ինձ ընտրել որպես թեկնածու, եթե բնականաբար Ազգային ժողովն էլ ընտրի, կդառնամ Ազգային ժողովի նախագահ»։

Ռուբինյանը նաև նշեց, որ Թուրքիայում համալսարան չի գնացել, թուրքական դիպլոմ չունի և չկա մի մարդ, որ իրեն այնտեղ դաս է տվել:

«Լսել եմ բազմաթիվ տխմարություններ, որոնց անդրադարձել եմ դեռ 8 տարի առաջ, հետո 5 տարի առաջ: Ասում են, որ ես սովորել եմ Թուրքիայում և իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում:

Նրանք ստում են, ես իմ ուսանողական տարիները սկզբից անցկացրել եմ Հայաստանում՝ ԵՊՀ-ում սվոորելու տարիներին, հետո Լոնդոնում, երբ մագիստատուրա էի ավարտում, հետո Լեհաստանում: Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա ինչ-որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում»,- նշել է նա:

Ռուբինյանը հավելել է՝ ինքն ընդամենը 2016-2017թթ. մասնակցել է «Հրանտ Դինք հիմնադրամ»-ի կողմից իրականացվող ծրագրին:

  • Կիսվել: