կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Սթարմերը Երևանում զգուշացրել է Թրամփի և Եվրոպայի միջև աճող լարվածության մասին․ The Standard

Սթարմերը Երևանում զգուշացրել է Թրամփի և Եվրոպայի միջև աճող լարվածության մասին․ The Standard

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ մայրցամաքի բոլոր երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ, զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպայի միջև աճող «լարվածության» մասին։ Նա օգտագործել է այս հարթակը՝ հայտարարելու Ուկրաինայի վերականգնման համար Եվրոպական միության վարկին միանալու Մեծ Բրիտանիայի հայտի մասին, գրում է բրիտանական The Standard պարբերականը:

Թրամփը քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի որոշ երկրների այն բանի համար, որ նրանք, իր կարծիքով, չեն աջակցում Վաշինգտոնին Իրանի հարցում, իսկ վերջերս հայտարարել էր Գերմանիայից 5000 զինծառայող դուրս բերելու ծրագրերի մասին:

«Վարչապետը զգուշացրել է լարված հարաբերությունների մասին Հայաստանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որտեղ գերակշռում է Ուկրաինայի և Իրանի հակամարտություննեի թեման՝ ԱՄՆ նախագահի՝ առաջինի նկատմամբ հետաքրքրության թուլացման և երկրորդ հարցում ավանդական դաշնակիցների դիրքորոշման վրա հարձակումների մտահոգությունների ֆոնին»,- ընդգծում է պարբերականը:

Ելույթ ունենալով լիագումար նիստում՝ Սթարմերն ասել է. «Մենք չենք կարող հերքել, որ որոշ դաշինքներ, որոնց վրա սովոր ենք հույս դնել, այնտեղ չեն, որտեղ մենք կցանկանայինք, որ լինեին: Դաշինքներում ավելի շատ լարվածություն կա, քան պետք է լիներ, և հետևաբար շատ կարևոր է, որ մենք՝ որպես երկրների խումբ, միասին առերեսվենք դրան»:

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է նաև, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով համաշխարհային տնտեսություններին հասցված վնասը «կանդրադառնա մեր բոլոր երկրների ընտրողների վրա»:

Նրա այցը Երևան տեղի է ունենում այն ժամանակ, երբ սպասվում է, որ լեյբորիստները պարտություն կկրեն այս շաբաթ անցկացվելիք տեղական ընտրություններում: Սըր Քիրը հայտարարել է, որ Բրիտանիան բանակցություններ կսկսի Կիևին Եվրոպական միության 90 միլիարդ եվրոյի (78 միլիարդ ֆունտ ստերլինգ) վարկի տրամադրման շուրջ: Ուկրաինայի հարցով հանդիպման հաշվետվության մեջ, որը նա համանախագահել է Ֆրանսիայի հետ գագաթնաժողովի շրջանակում, Դաունինգ սթրիթի մամուլի ծառայությունը հայտնել է. «Առաջնորդները քննարկել են Ուկրաինային Եվրոպական միության 78 միլիարդ ֆունտ ստերլինգի վարկը, և վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի մասնակցությունը հնարավորություններ կբացի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպական միության համար»:

Մյուս մասնակիցների թվում էին Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, ՆԱՏՕ-ի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի առաջնորդները, ինչպես նաև Կանադան՝ առաջին ոչ եվրոպական երկիրը, որը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքին:

Վարկային նախաձեռնությունը, որը ԵՄ-ն հաստատեց վերջերս, երբ Հունգարիայում Վիկտոր Օրբանի ընտրական պարտությունը վերջ դրեց ձգձգված փակուղուն, կարող է հնարավորություններ ստեղծել բրիտանական պաշտպանական ընկերությունների համար՝ մրցակցելու պայմանագրերի համար՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսական ներդրման դիմաց, որը, ըստ տեղեկությունների, կարող է կազմել մինչև 400 միլիոն ֆունտ ստերլինգ:

Պաշտոնյաները հայտարարել են, որ վճարումները կորոշվեն պայմանագրերի արժեքով և կիրականացվեն Ուկրաինայի համար Մեծ Բրիտանիայի հատկացրած 3 միլիարդ ֆունտ ստերլինգից:

Երևանում հանդիպմանը ժամանելիս լրագրողների հետ զրույցում սըր Քիրն ասել է, որ Մեծ Բրիտանիայի մասնակցությունն այս նախաձեռնությանը «շատ օգտակար» կլինի Ուկրաինայի ռազմական ներուժի, Մեծ Բրիտանիայում աշխատատեղերի ստեղծման և Մեծ Բրիտանիա-ԵՄ հարաբերությունների համար: Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն, որոնք այս ամռանը ևս մեկ համատեղ գագաթնաժողով կանցկացնեն, առաջիկա շաբաթներին կքննարկեն վարկից օգտվելու պարամետրերը, հայտնում է բրիտանական կառավարությունը:

«Նրանք քննարկել են տարածաշրջանին արդեն իսկ տրամադրված եվրոպական աջակցությունը՝ անվտանգության ամրապնդման նպատակով, և ողջունել են եվրոպական դաշնակիցների միջև սերտ համակարգումը», - հայտարարել են Դաունինգ սթրիթից:

Մի քանի եվրոպական երկրներ պատրաստակամություն են հայտնել աջակցելու պատերազմի ավարտից հետո նեղուցով նավագնացության ազատության ապահովման ջանքերին:

Կիրակի Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կսկսի ուղղորդել նավերը, որոնք Թեհրանի հետ պատերազմի պատճառով խցանվել են նավթի և գազի տեղափոխման կենսական երթուղում: Այդ ժամանակից ի վեր Իրանը, ըստ տեղեկությունների, հայտարարել է, որ ամերիկյան էսկադրային ականակիրը, որը փորձում էր անցնել նեղուցով, խոցվել է հրթիռներով, սակայն ամերիկյան զինվորականները հերքել են այդ պնդումը:

Նյութը՝ news.am-ի:

  • Կիսվել: