Ստացվում է՝ Ադրբեջանն ազդակ է տվել, որ եթե խաղաղության համաձայնագրի երկու կետին չհամաձայնենքմ մնացածը կվտանգենք. Խաչատրյանը՝ Միրզոյանին
Այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց, թե՝ եթե այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը այդքան լավն է, որովհետև ասեցիք՝ բավարարված ենք, այդ դեպքում ինչի՞ ադրբեջանական երկու վերջին առաջարկությունների հետ միանգամից չհամաձայնեցիք, այլ համաձայնեցիք, երբ Ադրբեջանը մոտ երկու ամիս հրետակոծում էր Սյունիքի հայկական առնվազն երկու գյուղ: Հենց համաձայնեցիք տեքստի հետ, հրատակոծությունները դադարեցին»։
Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Ինչու համաձայնություն հայտնեցինք այդ երկու կետին։ Գիտեք, որևէ պայմանագրի տեքստը, ըստ էության, մի տեքստ է, երբ որ մեկից ավել կողմեր շարունակում են բանակցել զանազան իրենց պայմանավորվածության պայմանների կատարելագործման ուղղությամբ, մինչև այն պահը, երբ որ կգան, չգիտեմ, փոխհամաձայնության ինչ-որ կետի։ Մենք առաջարկներ ներկայացրեցինք երկու հոդվածի վերաբերյալ, որոնց շուրջ չկար վերջնական համաձայնություն, և ահա ինչ-որ մի պահ մենք եկանք այն համոզման, որ այդ հոդվածների հետագա կատարելագործման ուղղությամբ ջանքերը և ժամանակը կարող են վտանգի տակ դնել մնացած բոլոր հոդվածներով ձեռք բերված և գրված թղթին հանձնված համաձայնությունները։
Ավելին, սրան գումարած կարող եմ ասել, որ այն մտադրությունները, որոնք մենք դնում էինք այդ դեռևս վերջնականորեն չհամաձայնեցված երկու հոդվածի կապակցությամբ մեր առաջարկների տակ, մենք եկանք համոզման, որ այդ ուղղությամբ աշխատանքները թերևս ավելի դյուրին կերպով կընթանան և ավելի դրական լուծման հնարավորություն կունենան, արդեն հաստատված խաղաղության պայմաններում։
Դրա համար մենք հայտարարեցինք, որ տեքստը այլևս փոխհամաձայնեցված է, և մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ ստորագրման տեղի և օրվա, ամսաթվի հստակեցման շուրջ»։
Խաչատրյանն էլ հավելեց. «Երբ ասում եք՝ վտանգի տակ կդնեինք համաձայնագրի մնացած հատվածները, այստեղ մի քիչ շանտաժի հոտ է գալիս։ Կարծում եմ, որ Ադրբեջանից էլ է այդ ազդակը եկել, որ եթե սա չանեք, կվտանգեք ամեն ինչ»:


