հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սրանից հետո ժողովրդին նայելու եք միայն երկաթե վարագույրների հետևից․ Իշխան Սաղաթելյանը՝ իշխանությանը

Սրանից հետո ժողովրդին նայելու եք միայն երկաթե վարագույրների հետևից․ Իշխան Սաղաթելյանը՝ իշխանությանը

Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ շարունակվում է պայքարի դուրս եկած քաղաքացիների բողոքի գործողությունը։

Ինչպես նշեց Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը՝ Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահին և ողջ միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ցանկանում են փոխանցել հայ ժողովրդի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում ՀՀ շահերն ու հայ ժողովրդի կամքը։

«Այստեղ ենք, որ միջազգային հանրությանը, Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության շատ հստակ փոխանցենք ժողովրդ ուղերձը, որ այս շենքում նստած մարդը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և ոչ լեգիտիմ է»,- նշեց Սաղաթելյանը։

Հանրապետության հրապարակում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված, կառավարության շենքի վերևի հատվածում դիպուկահարներ են տեղակայված, իսկ շենքի մուտքի դռները փակված են երկաթե վարագույրներով։

 
 

«Նայում եմ՝ կառավարության շենքի մուտքին մի հատ էլ երկաթե «ժալյուզ» են իջեցրել։ «Դուխով» գլխարկով տղա էր Փաշինյանը, հիշու՞մ եք։ Շենք չենք մտնելու, մեր նպատակը շենք մտնելը չէ։ Այդ «ժալյուզները» ավելացրեք, ու դուք միշտ սրանից հետո ժողովրդին տեսնելու եք երկաթե վարագույրների հետևից»,- ասաց Սաղաթելյանը։

 

Հանրապետության հրապարակում հավաքված մեծաթիվ քաղաքացիները վանկարկում են՝ «Դավաճան, հեռացիր»։

  • Կիսվել: