Սպասում ենք, որ հիբրիդային հարձակումները կուժեղանան ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին. Միրզոյան
Մենք սպասում ենք, որ հիբրիդային հարձակումները կուժեղանան Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ունեցած ելույթի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվ մենք պատրաստ ենք պաշտպանվել դրանցից՝ օգտագործելով ժողովրդավարության գործիքները»:
Ըստ Միրզոյանի՝ Հայաստանի ներկայիս իշխանություններն արդեն զարգացրել են անհրաժեշտ իմունիտետը։
«Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում մենք ապրել ենք հիբրիդային սպառնալիքների պայմաններում։ Մենք ականատես ենք եղել «բռնի» հանրահավաքների։ Մենք ապրում ենք ապատեղեկատվության, կեղծ լուրերի եւ տեղեկատվության մանիպուլյացիայի մթնոլորտում»,-ասել է նա և հավելել, որ ԵԽԽՎ-ն կարող է աջակցել Երեւանին եւ ժողովրդավարությանը իր հայտարարությունների եւ Հայաստան կատարելիք առաջիկա այցի միջոցով։
«Միասին մենք կհաղթահարենք բոլոր հիբրիդային հարձակումները», եզրափակել է նախարարը։


