հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շատ ուրախ ենք, որ STARMUS-ը Հայաստանում գիտության զարգացման, արվեստի խրախուսման կարևոր գրավականներից մեկը դարձավ. Արայիկ Հարությունյան

Շատ ուրախ ենք, որ STARMUS-ը Հայաստանում գիտության զարգացման, արվեստի խրախուսման կարևոր գրավականներից մեկը դարձավ. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Մարզահամերգային համալիրում մասնակցել է «Սթարմուս VI» միջազգային փառատոնը Երևանում» թեմայով նամականիշի մարման արարողությանը:

Նամականիշի վրա պատկերված է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» միջազգային փառատոնի լոգոտիպը, գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Մարս մոլորակը, իսկ ներքևի մասում տեղադրված է «ՍԹԱՐՄՈՒՍ VI Հայաստան, միջազգային փառատոն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Մարումն իրականացրել են Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, պրոֆեսոր, STARMUS VI փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Արայիկ Հարությունյանը նախ բոլորին շնորհավորել է STARMUS VI փառատոնի կայացման առիթով և նշել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում STARMUS-ը Հայաստանում դարձել է հանրային կյանքի ամենակարևոր բաղադրիչը:

«Այսօր շատերն են խոսում փառատոնի մասին, և մենք շատ ուրախ ենք, որ փառատոնը Հայաստանում գիտության զարգացման, արվեստի խրախուսման կարևոր գրավականներից մեկը դարձավ վերջին շաբաթվա ընթացքում:

Կարծում եմ՝ մենք դեռ շատ երկար ժամանակ կզգանք STARMUS-ի բերած արդյունքները: Ես բազմիցս նշել եմ, որ նամականիշը պետականության կարևորագույն խորհրդանշաններից մեկն է: Այսօր մարելով և շրջանառության մեջ դնելով այս նամականիշը՝ մենք նշանավորում ենք «STARMUS VI» փառատոնի կարևորությունը Հայաստանում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

  • Կիսվել: