չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շատ խնդրահարույց գործարք է տեղի ունեցել. Միքայել Նահապետյանը՝ 49 մլն-անոց պրոպագանդայի մասին

Շատ խնդրահարույց գործարք է տեղի ունեցել. Միքայել Նահապետյանը՝ 49 մլն-անոց պրոպագանդայի մասին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը արդյունավետ չի համարում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար պետական բյուջեից 48 մլն 900 հազար դրամ (շուրջ 100 հազար ԱՄՆ դոլար) տրամադրելը։ Այս մասին նա նշեց Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում:

Նշենք, որ կառավարության որոշմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ձեռագիր գրությունը փակցվելու է Հայաստանի տարածքում։ Այս ծրագիրը իրականացնելու է «Անտարես» հրատարակչական ընկերությունը։ Կառավարության այս որոշումը եղել է չզեկուցվող հարցերի թվում և հրապարակայնորեն չի քննարկվել, ինչպես մյուս հարցերը։ Առանց մրցույթի, մեկ անձի միջոցով գնում կատարելը, ըստ քաղաքական գործչի, ռիսկային է ու խնդրահարույց, քանզի եթե մրցույթ չի հայտարարվում, ապա միշտ հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ ձեր հայեցողությունը կանգ առավ հենց այս ընկերության վրա։

«Պետք է որոշում կայացնողները կարողանան այդ հարցերին հստակ պատասխան տալ, այնինչ վարչապետի մամուլի խոսնակն ասում է՝ օրենքի տառին համապատասխան է եղել ու մեկնաբանելու կարիք չկա։ Սա ոչ բովանդակային խոսակցություն է, և նրանք ողջամտորեն չեն գնահատում հանրության մտահոգությունները։ Շատ խնդրահարույց գործարք է տեղի ունեցել, որովհետև ո՞վ է ասել, որ դա հանրային կարիքների համար անհրաժեշտ գնում է, պետք է հիմնավորել՝ մեր ինչի՞ն է պետք», - ասաց Միքայել Նահապետյանը։

Քաղաքական գործչի խոսքով, մեկ այլ խնդիր է այն, որ տվյալ որոշումը ընդունվել է կառավարության նիստում և ընդգրկված է եղել չզեկուցվող հարցերի թվում։

Նրա դիտարկմամբ, պետական բյուջեին վերաբերող հարցերը պետք է միշտ լինեն զեկուցվող ու հանրությանը հասանելի։ Որոշ շրջանակների պնդմամբ, վարչապետի ներկայացրած երկտողը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հանրապետության տարածքում փակցնելը կոմունիզմի պրոպագանդման ժամանակաշրջան է հիշեցնում և նույնիսկ եղել էին համեմատություններ բռնապետական Կորեայի առաջնորդի հետ։

«Եթե ես հիմա ասեմ, որ այդ պաստառները փակցնելուց հետո վաղը չէ մյուս օրը բռնապետություն է հաստատվելու կամ դա բավարար քայլ է բռնապետության հաստատման համար, ես ազնիվ չեմ լինի։ Խոսքն այստեղ բարի նպատակներով անզգույշ բաներ անելու մասին, այսինքն՝ մարդը փորձում է օգտագործել իր լեգիտիմությունը սոցիալապես արդարացված վարքականոն քարոզելու համար, բայց արդյունքում այնքան էլ լավ բան չի ստացվում, որովհետև ընտանիքի կոնցեպտը լրիվ այլ կոնցեպտ է, պետության կոնցեպտը՝ այլ», ընդգծեց Նահապետյանը։

  • Կիսվել: