շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող  մանր ու մեծ փորձերի դեմ. Ալեն Սիմոնյան

Շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող մանր ու մեծ փորձերի դեմ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության հռչակագրի օրվա առթիվ։

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագրով սահմանվեց անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկը, ամբողջ երկիրը, մի ընտանիք դարձած, անպատմելի ոգևորության մեջ էր: Պատմական զարգացման հերթականությամբ՝ Հռչակագրով սահմանվածն ամրագրվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով և Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:

Հռչակագիրը նաև մեր Սահմանադրության մշակման թույլտվությունն էր, ինչը և կյանքի կոչվեց:

Տարիների հեռվից գնահատելով մեր ձեռքբերումները և Հռչակագրով բերած արժեքները՝ պարզ է դառնում այն գիտակցումը, որ անկախությունը վաստակած պարգև է, ինչն ավելի պարտավորեցնող է ստանալուց հետո: Յուրաքանչյուր օր անկախությունը պահպանելու հրամայական է, այն ամրացնելու ապացույցը՝ երբեք չավարտվող ջանքերը և չթուլացող զգոնությունը:

Մեր տևական համառությամբ, չընկճվելու ժառանգությամբ և բացճակատ դիմակայելու ունակությամբ շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող տարբեր կողմերից եկող մանր ու մեծ փորձերի դեմ:

Եվ ինչպես Հռչակագիրն է սահմանում, մշտարթուն զգոնությամբ, ազնվորեն և մեծ պատասխանատվությամբ պետք է նպաստենք ժողովրդավարական, իրավական հասարակարգի  զարգացմանը:

Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի օրվա առթիվ, ամուր լինենք»։

 
 

  • Կիսվել: