կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ-ականների արարքը Տորոնտոյում «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքի ժամանակ

ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ-ականների արարքը Տորոնտոյում «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքի ժամանակ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Մոնրեալի և Տորոնտոյի վարչությունները դատապարտել են հոկտեմբերի 15-ին Տորոնտոյում «Հայաստան» համահայկական հիմնադրամից կողմից կազմակերպված տարեկան դրամահավաքի ժամանակ ՀՅԴ-ի անդամների կողմից Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանի մուտքը սրահ արգելելու քայլը։ ՍԴՀԿ Կանադայի վարչություններն այդ մասին հայտարարություն են տարածել։

«Դատապարտում ենք հոկտեմբերի 15-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Տորոնտոյում կազմակերպված տարեկան դրամահավաքի ժամանակ ՀՅԴ անդամների կողմից Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանի մուտքը սրահ արգելելու անընդունելի արարքը։

Տասնամյակներ ի վեր «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսացել է աշխարհասփյուռ հայությանը միավորող կառույց՝ զերծ որևէ քաղաքական կամ հատվածական նկատառումներից։ Այդ առումով, ինչպիսին էլ լինեն մեր մոտեցումները Հայաստանի ներկա իշխանությունների նկատմամբ, հիմնադրամի նախաձեռնությունը քաղաքական կեցված արտահայտելու  և Հայաստանի պետության ներկայացուցչի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատեհ վայրը չէր։

Բացի այդ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար կազմակերպված այս միջոցառման նպատակն էր պատգամ հղելու նրանց, որ համայն հայությունը՝ անկախ բնակության վայրից, անվերապահորեն նեցուկ է կանգնում արցախահայությանը։ Դժբախտաբար, այս բոլորովին անտեղի և անիմաստ արարքը ստվերեց այդ կարևոր նախաձեռնությունը՝ փոխարենը պատճառ դառնալով ակնկալած եկամուտն ապահովելու ձախողմանը և համայնքի ներսում անհարկի ստեղծելով լարվածություն ու պառակտում, երբ այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է լինեն համախմբած ու միասնական։

Մյուս կողմից բարձր ենք գնահատում դեսպանի խիզախ եւ արժանավայել պահվածքը միջադեպի ընթացքում և նրան մաղթում ենք արգասաբեր գործունեություն և հաջողություն՝ ի շահ մայր հայրենիք Հայաստանի»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: